Եվրամիությունը մեծ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որն արդեն շատ տառապանքներ է բերել: Այդ մասին Եվրախորհդարանում հայտարարել է ընդհանուր և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիակա Մոգերինին, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նա հայտնել է, որ Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է սպառնալ ԵՄ հարևանության տարածաշրջանային անվտանգությանը և արգելք է հանդիսանում Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար:
«Ես շատ ուրախ եմ քննարկման համար: Հայաստան և Ադրբեջան իմ այցերի հիմանական հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Դա ցույց է տալիս ձգձգված հակամարտության վտանգավոր լինելը: Հակամարտության վերջին լարումից առաջ մենք զգուշացրել էինք, որ «ստատուս-քվոն» անկայուն է: Լարված իրավիճակից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող է շատ փոքր քայլ լինել»,- նշել է Մոգերինին Եվրախորհրդարանում քննարկման ժամանակ:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար և ավելացրել, որ «լայնամասշտաբ հակամարտությունը չի բխում ոչ մեկի շահերինց և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այս հակամարտությունը խարխլում է երկու երկրների, նրանց հարևանների զարգացումը և մերձեցումը ԵՄ-ի հետ»,- ասել է նա:









































