«ԵԽԽՎ վեհաժողովի հերթական նիստին մենք կներկայացնենք տեղի ունեցածը, բնականաբար ադրբեջանցիները կփորձեն գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, բայց պետք է նաև որոշակի փաստաթղթային հիմքեր ունենանք մեր ձեռքին. մեծ աշխատանք է տարվում, ձևավորվում է թղթածրար: Մեծ ծավալի նյութ է կուտակվել, և արձանագրված փաստերը հիմք են տալիս, որպեսզի Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմական հանցագործ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով երկու նախագահների հանդիպմանը և Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ տարաձայնությունները պետք է սառեցվեն, Ա. Ռուստամյանը նշեց. «Այն, ինչ որ տեղի է ունենում, դրան գնալ պարտադրել է մեր ժողովուրդը, որն ինքնաբուխ համախմբվել է. այդ ֆոնին ուղղակի աբսուրդ է, որ որևէ մեկը փորձի այդ համախմբումից դուրս գալ: Քաղաքական ուժերը պետք է տրամաբանորեն հետևեն ժողովրդի պահանջներին և պահվածքին:
Երբ թնդանոթները զրնգում են, մուսաները լռում են. հիմա լռության ժամանակն է, բոլորս պետք է միավորվենք, որպեսզի կարողանանք մոբիլիզացիան լիարժեք դարձնել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ռ. Քոչարյանը դուրս չէ այս համախմբումից. «Նա միշտ եղել է նվիրված Ղարաբաղի հարցին»:
«Սկզբից կարգավիճակ, հետո նոր տարածքներ. եթե վերադառնան այս տրամաբանությանը, բանակցությունները կդառնան ավելի արդյունավետ»,- անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»՝ ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն այս սկզբունքը գլխիվայր շուռ է տվել:
Ոչ մի թիզ կարգախոսն այսօ՞ր էլ Ձեզ համար մնում է առաջնային. «Առաջին լրատվական»- ի այս հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մենք այդ հողերը չունենայինք, ադրբեջանցիներն արդեն մտած կլինեին Հայաստանի տարածք, այսինքն՝ որ ասում էինք անվտանգության գոտի, դա դատարկ խոսք չէր, և 1994-ին, երբ որ հրադադար կնքվեց, կնքվեց հենց դա նկատի ուենանլով, որ մենք մեր անվտանգությունը պետք է պահենք մեր ձեռքում, որովհետև տեսնում ենք նաև միջազգային հանրության կրավորական կեցվածքը:
Եթե հայ զինվորը չկասեցներ այս հարձակումը, մենք հիմա լուրջ պրոբլեմներ կունենայինք: Այսինքն՝ անվտանգությունը, իհարկե, մենք ենք, որ ապահովում ենք, և այդ անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն էլ այն տարածքներն են, որոնք մենք ունենք՝ որպես անվտանգության գոտի: Եթե այսպես շարունակվի, պետք է այս տարծքներն ավելի մեծացվեն, որպեսզի անվտանգության գոտին էլ ավելի մեծանա և անվտանգությունն ավելի երաշխավորվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































