Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Համազգային էյֆորիան անհրաժեշտ է տրանսֆորմացնել փոփոխությունների

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը:

– Վերջին օրերի ժողովրդական էյֆորիան կարծես փոխակերպվում է սառը գլխի: Այս փուլում էյֆորիան նյութականացնելու խնդիր չունե՞նք. նկատի ունեմ՝  եթե այսպիսի յուրաքանչյուր էսկալացիայից հետո դասեր չքաղենք, ինչ-որ պահանջներ չդնենք իշխանության առաջ, ըստ էության, մենք փոփոխությունների չենք հասնի:

– Էյֆորիան ու այդ էյֆորիայի ծավալները մեր հասարակության համար այս անգամ բավական նոր էին, որովհետև առիթը, որից հետո առաջացավ այդ էյֆորիան, իսկապես անսովոր էր: 94թ. հրադադարից հետո մենք այսպիսի էսկալացիա չէինք ունեցել, և վերջին տարիներին նույնիսկ դիվերսիոն սրացումները, դիպուկահարները, զոհերը փոխում էին իրավիճակ, հասկանում էինք, որ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան փոխվել է, բայց նման էսկալացիա՝ այսքան երկար ու այսպիսի կորուստներով, այսպիսի բախումների ծավալներով դեռ չէր եղել: Եվ էյֆորիան բնական էր, բայց ինչքան էլ էյֆորիայի մասին խոսենք, ամեն դեպքում պետք է նշենք, որ հասարակությունն իրեն բավականին ադեկվատ պահեց, և այստեղ խնդիր կա, որ էյֆորիան անցնելուց հետո փորձ լինի ինչ-որ կերպ այն տրանսֆորմացնել փոփոխությունների: Կարծում եմ՝ այդ փոփոխությունների սկիզբն արդեն դրված է: Արդեն բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք վերաբերում են ոչ միայն ներքին քաղաքականությանը՝ թե ինչու է վատ կառավարվում տնտեսությունը, թե ինչու կա կոռուպցիա, թե ինչու դեռ կռվում ենք 80-ականների զենքերով, այլ նաև այդ հարցերը վերաբերում են միջազգային քաղաքականության մեջ ունեցած մեր դերին, մասնավորապես քաղաքական դաշտի և ամբողջ հասարակության մասշտաբով տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների վերանայում, վերաարժևորում, ինչն անխուսափելի էր:

Հասարակությունը, չնայած հակաիշխանական տրամադրություններին, այդ օրերին դրսևորեց երկխոսային վարք, փորձեց ամեն կերպ սպասարկել բանակին՝ թե՛ կամավորների ձևով, թե՛ տեղեկատվական մակարդակում: Հաջորդ քայլն իշխանություններինն է: Չեմ ուզում կրկնել այն ծեծվող թեզը, որ անընդհատ Հայաստանում արևմտյան հակվածություն ունեցող ուժերն են ասում, որ ամեն ինչում ռուսներն են մեղավոր, ռուսներն են սադրում, բայց ամեն դեպքում ռուսների պահվածքը, որ մենք կարող ենք տեսնել ոչ միայն կուլիսներում, այլ նաև բաց աղբյուրներից, ցույց է տալիս, որ այստեղ ևս խնդիր կա, և այստեղ ևս պետք է վերանայումներ արվեն: Թե ինչպես տեղի կունենան այդ վերանայումները՝ կախված է բոլորից, ամենակարևորն այստեղ հասարակություն-իշխանություն երկխոսությունն է: Եթե իշխանությունը պատասխանի հասարակություն-իշխանություն երկխոսությանը, էյֆորիան կտրանսֆորմացվի արդյունավետ հուն:

– Պատասխանելը պետք է լինի կոնկրետ քայլե՞ր. յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսնի՞ իր մաշկի վրա: Ըստ Ձեզ՝ կտրուկ փոփոխություններ կտեսնե՞նք մեր երկրում, այլապես, եթե չտեսնենք, ի՞նչ հետևանքներով է հղի այս իրավիճակը:

– Հասարակությունն այս իրավիճակում չնայած ադեկվատ վարք դրսևորեց, խուճապի չմատնվեց, բայց նաև, անկախ ամեն ինչից, սահմանի վրա տիրող իրավիճակը, կորուստները մեր մեջ հարցեր առաջացրին, որ մենք սկսեցինք տալ ոչ միայն ինքներս մեզ՝ մեր ներսում, այլ նաև դրսում: Ստեղծված իրադրության արդյունքում ամենակարևոր ենթադրությունը, որ բոլորս արեցինք, այդ թվում՝ նաև իշխանությունը (չնայած որոշակի ֆոբիաներ կան այդ ենթադրությունները ուղիղ արտահայտելու հետ կապված), այն էր, որ մենք դաշնակիցներ, ըստ էության, չունենք, մենք մենակ ենք: Եվ հենց այս մենակ լինելը մեզ պետք է դրդի այլ կերպ ապրել: Եվ երբ խոսվում էր կոռուպցիոն բացահայտումների մասին, նաև սա նկատի ունենալով, որ եթե մենք իսկապես դաշնակից չունենք, կա միայն իշխանություն՝ քաղաքական վերնախավ և հանրություն, ուրեմն մենք պետք է միմյանց հետ ազնիվ լինենք, և փորձելով ապրել այլ կարգով, այսինքն՝ իմանալով, որ ամեն պահի կարող է լինել պատերազմ, և այդ պատերազմում մենք մենակ ենք, նաև պետք է փոխենք մեր ներքին քաղաքական կենցաղը: Ես վատատես եմ այդ հարցում և կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին դեռ թվում է, որ իրավիճակը վերահսկելի է, և այն կարելի է կարգավորել կաբինետային կարգավորումների մակարդակով: Նա հասարակության պահանջով չի գնա էլիտան փոփոխությունների ենթարկելու քայլին, որովհետև եթե էլտան հասարակական ճնշումների ներքո ինչ-որ փոփոխությունների ենթարկվեց, չի բացառվում, որ դա դառնա նախադեպ, հասարակությունը սկսի ճնշել, և Սերժ Սարգսյանը չկարողանա էլիտան  վերադասավորել այնպես, ինչպես ինքն է ուզում և անընդհատ զիջումների գնա հասարակությանը: Նույնիսկ եթե խորքային վերադասավորումներ չլինեն, ամեն դեպքում կա երկխոսության գնալու գոնե սիմվոլիկ ինչ-որ քայլ անելու կարիք: Դա կլինի կոչ, ուղիղ եթեր, քաղաքացիական ֆորում. ամեն դեպքում ինչ-որ կերպ հասարակությունը հասկանա, որ ինքն այդ արձագանքը տվեց՝ մի կողմ դնելով ամեն ինչ, տեղ հասավ և գնահատվեց: Դեռ ժամանակ կա, քաղաքական վերնախավը գտնվում է քննարկումների մեջ, արտերկիր են գնում-գալիս, հանդիպումներ են ունենում, բայց հույս ունեմ, որ երբ հանդարտվի այս ամենը, այդ անկեղծ զրույցը կկայանա:

– Դուք արձանագրեցիք, որ Ռուսաստանն էլ մեզ դաշնակից չէ, այդ մասին այս օրերին բարձրաձայնում են նաև իշխանության ներկայացուցիչները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անենք մենք, որովհետև մենք, իհարկե, միասնական ենք, բայց մեր ուժը միշտ չէ, որ ամեն հարց կարող է լուծել. ամեն դեպքում պետք է ունենալ նաև դաշնակիցներ:

– Այս մեկ արթնացումն ինձ թվում է քիչ կլինի միանգամից նոր դիվանագիտական ճանապարհ կառուցելու համար: Ամեն դեպքում, քանի որ մեր ռազմական առևտուրը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի հետ, ուզենք թե չուզենք, շարունակելու ենք Ռուսաստանի հետ զենքի առևտուրը, քանի որ այս պահին ուրիշ զենք վաճառող չունենք, և Ադրբեջանի նման մեծ կանխիկ գումարներ չունենք և չունենք տնտեսական այնպիսի շահեր, որ հետաքրքրեն արտաքին աշխարհին, և դրա համար մեզ զենք վաճառեն նաև այլ տեղերից: Կարծում եմ՝ այսօր ինչքան էլ հայ-ռուսական հարաբերությունները վերանայվեն, և նույնիսկ եթե իշխանությունների կողմից շատ կտրուկ հայտարարություններ լինեն, ամեն դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզման չենք գնա, այստեղ պարզապես կարիք կա սեփական դիրքն ամրապնդելու: Ռուսաստանը, իհարկե, կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին: Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը ոչ բարվոք տնտեսական վիճակում է և աշխարհի համար շատ բան չի էլ արտադրում, չի կարող հրաժարվել զենքի վաճառքից, որովհետև դրանից մեծ գումարներ է ստանում: Բայց ամեն դեպքում պետք է հստակ պարտավորություններ դրվեն Ռուսաստանի առաջ:

Կարծում եմ՝ ինչքան էլ արևմտյան քաղաքականության շատ սուբյեկտները մեզ թվան ավելի ազնիվ ու ավելի հաճելի, ամեն դեպքում Հայաստանի հետ կապված նրանք այդքան մեծ շահեր չունեն ու շահագրգռված չեն այստեղ ուժեղ համգործակցային հարաբերություններ ունենալ: Եվ մենք, ցավոք, ստիպված ենք հարաբերվել Ռուսաստանի հետ, և իհարկե, Հայաստանի ներսում փորձել կոնսոլիդացիա գտնել, այլ կերպ ապրել, ունենալ ավելի արդյունավետ կառավարվող տնտեսություն, գտնել գումարներ, որովհետև այս պահին Հայաստանը իր աշխարհաքաղաքական նշանակությամբ դեռևս չի կարող հավակնել շատ նոր գործընկերներ ձեռք բերելու: Նաև դրա ժամանակը չկա: Բայց, իհարկե, սա էլ կարող է մեզ համար դաս լինել, որ մենք մեր նախորդ տարիների դիվանագիտական սխալները վերանայեք, դրանք վերաբերում են թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններին, որովհետև ժամանակին մեր հարաբերությունները չնայած սառեցված էին, բայց այսքան լարված չէին. հայ-թուրքական համաձայնագրերից առաջ մենք Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերությունների մեջ էինք, քան հիմա: Այսինքն՝ փորձ եղավ դրական հարաբերություններ ձևավորել, չստացվեց: Կամ՝ Ասոցացման համաձայնագիրը երեք տարի պատրաստվում էր, որը զայրացրեց ռուսական կողմին. մինչ այդ մենք Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների մեջ էինք: Այսինքն՝ անցյալի դիվանագիտական սխալներից դասեր քաղելու հարցեր կան:

– Այս օրերին բավականին քննարկվեց խաղաղապահների թեման, գերմանական «Դոյչե վելլեին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք դեմ չենք խաղաղապահների տեղակայմանը. որքանո՞վ սա թույլատրելի կամ անթույլատրելի կլինի:

– Եթե այն ձևաչափը իրականանա, որով Հայաստանն ու Ադրբեջանը թեկուզ ոչ արդյունավետ, բայց վերջին տարիներին անընդհատ բանակցել են՝ թեկուզ ուշ-ուշ հանդիպելով, ապա լուծման դեպքում ենթադրվում է խաղաղապահների ներկայություն: Այսինքն՝ եթե ԼՂ-ին կոնկրետ կարգավիճակ տրվի և նոր սահմաններ գծվեն, խաղաղապահների ներկայությունն այնտեղ ենթադրելի է, և դա նորություն չէ: Պատահական չէ, որ նաև այդ հարցով դրական արձագանք հնչեց ՀԱԿ-ի կողմից, որովհետև ՀԱԿ-ը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այս կոնտեքստով են բանակցել: Բայց շատ կարևոր է, որ այստեղ խաղաղապահների ներկայության մասին կարելի է խոսել, եթե խոսք լինի ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման մասին: Այդ խնդրի վերջնական հանգուցալուծումից դեռևս շատ հեռու ենք: Հայաստանը միշտ հակված է եղել խնդիրը բանակցային ճանապարհով լուծել, իսկ Ադրբեջանը միշտ հեռանում է դրանից, և վերջին դեպքերը դրա ամենավառ ապացույցն էին: Այս պարագայում խաղաղապահների ներկայության մասին, բանակցային ֆորմատի կամ հանգուցալուծման մասին խոսել և դրա հետ մեծ հուսեր կապելն այնքան էլ օրակարգային չեն: Պարզապես, քանի որ կոնֆլիկտը սրացավ, և քանի որ միջազգային քաղաքականության սուբյեկտները միջամտեցին, Ադրբեջանը հիմա, նաև մարտի դաշտում կորուստներ կրելով և ռուսների միջոցով զինանադադար խնդրելով, փորձեց ժամանակ շահել և դասեր քաղել այս կոնֆլիկտից, հաշվել իր կորուստներն ու ձեռքբերումները: Եվ հիմա ինչ-որ մի փուլ մենք կշարունակենք նույն լեկսիկոնով խոսել իրար հետ՝ բանակցային ֆորմատով, բայց այդ ֆորմատը շատ իրավիճակային ազդեցություն ունի: Հեռանկարային առումով դա քննարկել ու դրա կոնտեքստում նաև խաղաղապահների ներկայության հարցը քննարկելը օրակարգային չէ, այդ ֆորմատը հաստատ այս ամեն ինչից հետո շատ քիչ հնարավորություն ունի կայանալու:

– Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսում են բոլորը, Սերժ Սարգսյանն էլ, իշխանության մյուս անդամներն էլ մտահոգված են, բայց այդ մտահոգությունը կոնկրետ քայլերի չի վերածվում. այդ մտահոգությունը նյութականացնելու խնդիր կա, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ սա տեղի չի ունենում:

– Մեր բիզնես վերնախավը, որն, ըստ էության, նույն քաղաքական վերնախավն է, իր գործունեության մեծ մասն իրականացնում է Ռուսաստանում և այստեղ օրգանական խնդիր կա՝ կապված Ռուսաստանից տարանջատվելու հետ, կան այդ բնական վախերը: Բացի սրանից՝ ամեն դեպքում կա նաև պրագմատիկ իրականություն, որ ամեն դեպքում, անկախ նրանից՝ ռուսներն ադրբեջանցիներին զենք են վաճառում, թե ոչ, մենք ռուսական կողմից ենք զենք գնում, գնում ենք ոչ միայն պաշտոնապես, այլ նաև ոչ պաշտոնապես, գնում ենք որոշակի արտոնյալ պայմաններով և նաև չունենալով կանխիկ գումար, դա անում ենք վարկով: Այսինքն՝ այստեղ իշխանության այդ ձևակերպումները ավելի շատ կարելի է համարել այս պահի նեղացկոտություն, բայց հույս ունենալ, որ դրանք կնյութականացվեն, այս պահին դրա հնարավորությունը տեսանելի չէ: Հայաստանը չունի այդքան գումար և այդպիսի կապեր, որ միանգամից հրաժարվի Ռուսաստանից և միանգամից փորձի ինքն արտադրել զենք կամ ուրիշներից ճարել, կարծում եմ՝ այս պահին ինչքան էլ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը արդարացիորեն նեղացած լինեն, այդ նյութականացման օբյեկտիվ հնարավորությունը չկա, և անկախ նրանից, թե ինչպիսի որակի կլինեն հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք չեն նյութականացվի: Կարևոր է, ի վերջո, հասկանալ, որ ռուսները մեզ ոչինչ խոսք չեն տվել, կան ֆորմալ փաստաթղթեր, բայց մեզ խոսք չեն տվել, ու այդ մենք ենք, որ հույսեր ունենք և ամեն անգամ այսպես հիասթափվում ենք: Եվ ինչպես Վանո Սիրադեղյանն էր ասում ՝ հիասթափվելու համար էլ է կամք պետք: Բայց այդ կամքը մենք չունենք, մենք շատ ծայրահեղ ենք նայում, մտածում ենք, որ ռուսները պետք է կա՛մ լիովին աջակցեն մեզ, կա՛մ ընդհանրապես մենք պետք է անջատվենք այդ բլոկից, ինչ-որ այլ բլոկի միանանք, կա՛մ անջատվենք ու նեղացած պահենք մեզ: Պարզապես պետք է հասկանալ, որ սրանք պետությունների հարաբերություններ են, շահեր են, և այստեղ բարեկամություն, եղբայրություն հասկացությունները մի կողմ պետք է դնել, հիասթափվել մեր միֆերից՝ հայ-ռուսական եղբայրության միֆերից, և փորձել ամեն ինչ գիտակցել շատ պրագմատիկ, թվաբանական մակարդակում: Կարծում եմ՝ այդ դեպքում մենք շատ մեծ սթրեսներ չենք ունենա, երբ ամեն անգամ բախվենք նման իրավիճակների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում