Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ աշխարհում անողոքաբար տարածվում է շաքարախտի համաճարակը, հիվանդություն, որն արդեն այժմ խոցել է գրեթե յուրաքանչյուր 11-րդ մարդուն։ Այս մասին հայտնում է BBC-ն:
2014 թվականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում շուրջ 422 մլն չափահաս մարդ տառապել է շաքարախտից, ինչը քառակի գերազանցում է 1980 թվականի ցուցանիշը՝ ասված է ԱՀԿ զեկույցում։
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ է կապված տարեկան մոտավորապես 3.7 մլն մահ, նշվում է զեկույցում:
Մասնագետները կանխատեսում են, որ թվերը միայն կաճեն, եթե չձեռնարկվեն արմատական միջոցներ: Փորձագետները միաժամանակ ուսումնասիրել են առաջին և երկրորդ տիպի դիաբետը, բայց ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդների թվի կտրուկ ավելացում է տեղի ունենում հիմնականում երկրորդ տիպի դիաբետի հաշվին, ինչը կապում են ոչ ճիշտ սնվելու և կենսակերպի հետ:








































