Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ Էլ-Կարյատեյն քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում ոչնչացրել են ահաբեկիչների հրամանատարական կետ՝ գրոհայինների կողմից քանդված XIV դարի քրիստոնեական վանքի տեղում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ապրիլի 1-3-ը սիրիական կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ իրականացրել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից Էլ-Կարյատեյնի ազատագրման գործողություն, որը գտնվում է Հոմսի շուրջ իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքները կապող ռազմավարական կարևոր խաչմերուկում: Այժմ սիրիացի զինվորականները մաքրում են քաղաքը և ոչնչացնում առանձնացած ավազակախմբերը:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ Էլ-Կարյատեյնի ազատագրման գործողության ընթացքում ռուսական օդատիեզերական ուժերն իրականացրել են մոտ 50 մարտական թռիչք, որոնց ընթացքում ԴԱԻՇ-ի գրոհայինների ուղղությամբ հասցրել են ավելի քան 120 ավիացիոն հարված՝ ոչնչացնելով գրոհայինների տեխնիկայի և կենդանի ուժի ավելի քան 30 կուտակում, 26 հենակետ և կրակային դիրք, ինչպես նաև 7 հրամանատարական կետ:









































