Սերժ Սարգսյանը նախօրեին Երևանում նախագահական նստավայր է հրավիրել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին և նրանց ներկայացնելով ապրիլի 2-ի լուսադեմից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի պատկերը, փոխանցել է հայկական կողմի մի շարք քաղաքական մեսիջներ: Սերժ Սարգսյանը կրկնել է լայնամասշտաբ պատերազմի դեպքում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պատրաստակամությունը, միաժամանակ հիշեցրել, որ արտգործնախարարությանը հանձնարարել է պատրաստել ԼՂ և ՀՀ միջև ռազմական փոխօգնության պայմանագրի տեքստը:
Սարգսյանը նաև հայտարարել է, որ չի կարող խոսք լինել Ադրբեջանի հետ հրադադարի նոր պայմանագրի մասին, այլ պետք է վերհաստատվի 1994 թվականի պայմանագիրը: Ի դեպ, այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը նրբորեն ակնարկել է նաև Ռուսաստանի ու Ղազախստանի մասին՝ ասելով, որ 1994 թվականի հրադադարի պայմանագրի միջնորդները պետք է լինեն հրադադարի պահպանման երաշխավոր: Փաստորեն, հրադադարի խախտման համար ակնարկվում է նաև Հայաստանի, այսպես կոչված, դաշնակցի կամ հաշվի առնելով նաև ՀԱՊԿ-ը՝ դաշնակիցների պատասխանատվության մասին:
Միաժամանակ հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը պնդում 1994 թվականի հրադադարի վրա: Դրա տակ կա նաև ԼՂՀ ստորագրությունը, և Հայաստանն, ըստ երևույթին, նոր հրադադարի պայմանագիրը բացառում է հենց դրա համար: Այսինքն՝ չի բացառվում, որ Ադրբեջանը ներկայացնում է նմանօրինակ պահանջ՝ կնքել հրադադար առանց ԼՂՀ ստորագրության: Հնարավոր է, որ այս օրերին այդպիսի պահանջ դրվել է շրջանառության մեջ, և Երևանն այդպիսով մերժում է ԼՂՀ ստորագրությունից հրաժարվելու առաջարկը:
Սերժ Սարգսյանի հաջորդ մեսիջը հրադադարի խախտման հետաքննությունների միջազգային մեխանիզմի շուտափույթ ներդրման կոչն է՝ ուղղված ԵԱՀԿ-ին: Այս գաղափարն օրակարգում է արդեն մի քանի ամիս: Սրա հեղինակը Միացյալ Նահանգներն է, իր հերթին գաղափարը ստացել է ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիայի աջակցությունը: Սակայն գաղափարին չի աջակցում Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, և գաղափարը բացահայտորեն մերժում է Ադրբեջանը: Փաստորեն, Սերժ Սարգսյանը կոչ է անում ներդնել մեխանիզմը, այսպես ասած, «միակողմանիորեն», այսինքն՝ այլևս չնայելով անհամաձայններին:
Հատկանշական է, որ Սարգսյանը այդ մասին հայտարարում է Գերմանիա այցի նախօրեին: Ապրիլի 5-ին Սարգսյանը, ըստ նախապես տարածված տեղեկության, Գերմանիայում հանդիպելու է այդ երկրի ղեկավարության հետ: Ամենայն հավանականությամբ հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմը կլինի այդ հանդիպման օրակարգում: Ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ է այդ հարցը հրատապ դիտվում Արևմուտքում և պատրա՞ստ է արդյոք Արևմուտքը գնալ դրա, այսպես ասած, պարտադրական ներդրման՝ շրջանցելով ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի արգելքը: Այսինքն՝ առանցքային խնդիրը հենց այդ արգելքն է: Եվ այստեղ անկասկած ի հայտ է գալիս Հայաստանի կարևոր դերակատարումը, այսինքն՝ Հայաստանը կգնա՞ արդյոք հրադադարի պահպանման մեխանիզմի հարցում Արևմուտքի հետ գործակցության՝ շրջանցելով Ռուսաստանի ցանկությունը:
Չի բացառվում, որ եթե մինչ այժմ Հայաստանը չէր գնում դրան ՌԴ հետ, այսպես ասած, փոխզիջումային համաձայնությամբ կամ թեկուզ որոշակիորեն տագնապելով Ռուսաստանի դժգոհությունից, ապա այժմ արդեն իրավիճակն այնպիսին է, որ հայկական կողմն, ըստ էության, նահանջելու տեղ չունի և Հայաստանի շահերն ու անվտանգությունը գործնականում չեն կարող ենթակա լինել որևէ կոնյունկտուրայի, քանի որ դրանք արդեն իսկ ենթարկվում են ուղղակի ռազմական հարձակման՝ ռազմավարական դաշնակցի մատակարարած մեծածավալ սպառազինությամբ և հավասարության նշանով, որ այդ դաշնակիցը դնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Այսինքն՝ այս դեպքում խոսք կարող է լինել ոչ թե այն մասին, որ Հայաստանն է շրջանցում Ռուսաստանի ցանկությունը, այլ այն մասին, որ Ռուսաստանն է շատ վաղուց շրջանցել Հայաստանը, և պարզապես այսօր ստեղծվել է նաև հենց դրա հետևանքով մի վիճակ, երբ ոչ միայն վտանգավոր, այլ նաև աղետալի է անհրաժեշտ ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտա-քաղաքական քայլեր չանելը:









































