Մեր հարցերին պատասխանում է վարչապետի խորհրդական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
– Պարոն Շահգալդյան, ի՞նչ ձևով եք մասնակցելու Հրազդանի քաղաքապետի ընտրություններին:
– Բարոյական աջակցությամբ:
– Եվ ո՞ւմ եք բարոյապես աջակցելու:
– Բնականաբար պաշտոնավարող քաղաքապետ պարոն Արամ Դանիելյանին:
– Տեղեկություն եղավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ձեզ հորդորել է աջակցել Սասուն Միքայելյանին:
– Պարոն վարչապետը նախ ինձ հանձնարարություններ կտար, եթե այդպիսի անհրաժեշտություն լիներ, բայց կարծում եմ, որ էդ անհրաժեշտությունը չկա: Պիտի իմանաք, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը, մարզային խորհուրդը որոշում են կայացրել՝ ընտրություններում առաջադրել Արամ Դանիելյանի թեկնածությունը, բնականաբար և պաշտպանել: Ինչու պիտի վարչապետն այդպիսի հորդոր աներ ինձ: Արամ Դանիելյանը իմ կուսակից ընկերն է, իմ ընկերն է, մենք մտերիմներ ենք ու բարեկամներ: Մյուս տարբերակը բացառեք:
– Իսկ Սասուն Միքայելյանը Ձեր ընկերը չէ, փաստորեն:
– Բարեբախտաբար:
– Պարոն Շահգալդյան, երբ Դուք դեռ Կոտայքի մարզպետն էիք, տեղեկություն շրջանառվեց, որ Արամ Դանիելյանը մարդ էր մեջ գցում մարզպետ դառնալու համար: Չնայած դրան՝ Դուք սատարում եք Դանիելյանին:
– Դա ցնդաբանությունների դաշտից է: Ես նախ էդպիսի ինֆորմացիա չունեմ, հետո էլ Արամից այդպիսի բան չեմ հավատում:
– Ասել է թե՝ չեք հավատում, որ Դանիելյանն ուզել է մարզպետ դառնալ:
– Այո, այո, կամ եթե ուզել է, ինչ վատ բան է արել որ: Կարո՞ղ է էդ պաշտոնը ես ժառանգություն էի ստացել:
– Կոնկրետ Ձեր բարոյական աջակցությունը գործող քաղաքապետին ո՞րն է լինելու:
– Դե, հրազդանցիները, ովքեր ինձ ընդունում են, կարծում եմ՝ կլինեն որոշ քանակությամբ մարդիկ, որոնք ինձ ընդունում են, իմ դիքորոշումը գիտեն, կգնան, կքվեարկեն Արամ Դանիելյանի օգտին:
– Պարոն Շահգալդյան, հրազդանցիներն ասում են, որ քաղաքապետ Դանիելյանի պաշտոնավարման տարիներին գրեթե ոչինչ չի փոխվել, Հրազդանը չի բարեկարգվել: Միայն կուսակցական Ձեր շահերից ելնելով պաշտպանո՞ւմ եք նրան:
– Ոչ, ովքեր որ ասում են, իրականության հետ ոչ մի աղերս չունի իրանց ասածը: Հրազդանը համարվում է մեր երկրի 4-րդ քաղաքը և շատ բարդ համայնք՝ իր ենթակառուցվածքներով, տերիտորիայով: Հրազդան քաղաքում Արամ Դաինելյանի պաշտոնավարման ժամանակ բավականին լուրջ խնդիրներ են լուծվել:
– Փաստորեն, հրազդանցիները չեն նկատում Արամ Դանիելյանի աշխատանքը:
– Եթե դուք մի քանի հրազդանցիների նկատի ունեք…: Դե բնականաբար, բոլորը չի, որ գոհ կլինեն, կուզեին, որ իրենց քաղաքը եվրոպական քաղաքների պես տեսք ունենար: Որ չի բավարարում Արամ Դանիելյանի աշխատանքը, ինչպե՞ս 4 անգամ ընտրեցին, էս էլ 5-րդ անգամն է:
– Դե, հայտնի է՝ հանրապետականները ինչպես են ընտրվում:
– Դուք սխալվում եք՝ իմ պաշտոնավարման ընթացքում Արամ Դանիելյանը 4 անգամ հաղթել է: Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ որևէ կեղծիքի մասին մտածելը նույնիսկ անհեռանկար էր, որովհետև միշտ հակառակ դաշտում եղել է Սասունը, երեք անգամ իր թեկնածուներն են եղել, 4-րդ անգամ էլ՝ ինքը: Պատկերացրեք, որ ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի, ընտրություններին բազմափորձ և կայացած քաղաքական գործիչները՝ Սասուն Միքայելյանի թիմակիցները, դարձել էին վստահված անձինք՝ Արամ Մանուկյան, Հրանտ Բագրատյան, Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան: Ինչպե՞ս կարելի է նման մարդկանց ներկայությամբ կեղծիքներ անել:
– Սասուն Միքայելյանն այսօր էլ բավական կայացած ու ճանաչված թիմակիցներ ունի: Այս անգամ թերևս կհաղթի՞ Սասուն Միքայելյանը:
-Աստված իրա հետ: ՀՀԿ-ն Հրազդանում շատ հզոր թիմ ունի, և կարծում եմ՝ շատ գրագետ ընտրարշավ են անցկացնելու, որը հաղթանակի կարևոր նախապայմաններից մեկն է: Կարծում եմ՝ Սասունը «Կրկին փորձիր» տարբերակն է ընտրել:
– Այնուամեյնիվ, եթե Սասուն Միքայելյանն ընտրվի, Դուք կտխրե՞ք:
– Ինչու պիտի տխրեմ: Սասուն Միքայելյանը պատգամավոր էլ է եղել, ես չեմ տխրել:









































