Հանրապետական կուսակցությունը ընդգծված հանգստությամբ է արձագանքում Վարդան Օսկանյանի նոր կուսակցության ստեղծման գործընթացին, ինչը երևի թե միանգամայն բնական է: Ինչո՞ւ պետք է անհանգստանա Հանրապետականը: Ավելին՝ ՀՀԿ-ի համար այդօրինակ կուսակցությունը, անգամ իր ամենաընդդիմադիր, ամենակոշտ կեցվածքով ու հռետորաբանությամբ, մեծ հաշվով նվեր է, որից հրաժարվելն անմտություն կլիներ: Նմանօրինակ կուսակցությունը կարող է լինել ՀՀԿ-ի այն հազվագյուտ ռեսուրսներերից մեկը, որը կարող է իսկապես ծառայել հօգուտ իշխանական մեծամասնության:
Ի՞նչն է խնդիրը: Իհարկե այն, որ Վարդան Օսկանյանն ու ՀՀԿ-ն ունեն համատեղ իշխանության տասնամյա փորձ, ու հաշվի առնելով այդ իշխանության բնույթը, այդ տասը տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, համակարգային ավանդույթները, արատները, կեղծիքները և այլն, Օսկանյանի կուսակցությունը հենց այն է, որը ՀՀԿ-ին տալիս է, այսպես ասած, հակադարձ ընդդիմախոսության ամենալայն հնարավորություններ: Եվ մենք այսօր տեսնում ենք հենց դա, երբ որևէ բան է հայտարարում Վարդան Օսկանյանը այն անցյալի մասին, որը կազմում է իր իշխանական կենսագրության մասը: Իսկ այդ անցյալից խուսափել Վարդան Օսկանյանը չի կարող, ընդ որում՝ անկախ Ռոբերտ Քոչարյանի հետ ներկայումս կապ ունենալ-չունենալու խնդրից:
Նախկին արտգործնախարարը հայտարարել էր, որ հասկանում է Քոչարյանի հետ մշտապես կապելու հանգամանքը և գիտի, որ դա հետապնդում է որոշակի նպատակներ: Այսինքն՝ նա ակնարկում է, որ այդ կապը անընդհատ գեներացնում են իրեն հարվածելու համար, քանի որ Քոչարյանի հետ կապը չի կարող նրան հանրային վարկանիշ ավելացնել: Սակայն Վարդան Օսկանյանը գնում է Հայաստանի համար ավանդական ճանապարհով, երբ որևէ մեկը չի ունենում իր համար անցանկալի հարցերի պատասխան և այդ հարցերը ստիպված որակում է իր դեմ պատվեր՝ այդպիսով փորձելով խուսափել պատասխանից: Իրականում, սակայն, խնդիրը բոլորովին այլ է, և այստեղ անձերն արդեն կարևոր էլ չեն: Լինի Վարդան Օսկանյանը թե մինչև 2008 թվականը իշխանության մաս կազմած որևէ բարձրաստիճան այլ պաշտոնյա, երբ նա հայտարարում է ընդդիմադիր գործունեություն ծավալելու և պետության ապագան փրկելու մտադրության, հավակնության մասին և ներկայացնում նման հայտ, ապա առաջինը, որ ինքնաբերաբար անգամ պետք է անի հասարակությունը՝ այդ գործչի հայտի վերաբերյալ կարծիք ձևավորելուց առաջ, դա նրա մտադրությունների անկեղծության աստիճանը չափելն է:
Եվ, բնականաբար, որևէ նման գործչից ակնկալվելու են սեփական իշխանական անցյալի վերաբերյալ պատասխաններ, հատկապես երբ այդ անցյալն ու ներկա իշխանությունը, մեղմ ասած, խիստ ընդհանրական են: Չէ՞ որ հասարակությունը պետք է հասկանա, թե ապագայի հայտ ներկայացնելով՝ ինչպե՞ս է տվյալ անձը վերանայել իր անցյալը, որտեղ հակահասարակական և հակապետական քայլերը իշխանությանը, մեղմ ասած, պակաս բնորոշ չեն եղել, քան այսօր:
Եվ ուրեմն, գործ ունենք հասարակական տրամաբանական վարքի, ոչ թե «ինչ-որ նպատակներ հետապնդելու» հետ: Եվ ավելին՝ դրանով հասարակությունը նպաստում է, օժանդակում է քաղաքականություն մուտք գործող անձին՝ լուծել մի քանի կարևոր խնդիր, որպեսզի նրա քաղաքական գործունեությունը իշխանությանը նվեր լինելու փոխարեն՝ դառնա հասարակության համար օգտակար գործոն:
Այս պարզ հարցն է խնդիրը, և հետևաբար այն պետք չէ բարդացնել հայկական ներքաղաքական ավանդական բարդույթներով՝ դրանով իսկ հեշտացնելով իշխանության կյանքը: Հայաստանի իշխանություններն այսօր հայտնվել են փաստարկային այնպիսի սնանկության մեջ, որը գումարվելով ռեսուրսային սղությանը՝ նրանց համար ստեղծել է գործնականում անելանելի իրավիճակ:
Նման պայմաններում հյուրն անցյալից ապահովում է ոչ թե հասարակության, այլ իշխանության ապագան, կամա, թե ակամա:








































