Թուրքիայում ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դովլեթ Բախչելին կողմ է երկրում արտակարգ դրության ներմուծմանը: Այս մասին երեքշաբթի գրում է թուրքական Sabah թերթը:
Բախչելին նաև կառավարությանը կոչ է արել ամբողջովին ոչնչացնել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK-ն): Նրա խոսքով՝ ներկայումս PKK-ն ամենամեծ վտանգն է Թուրքիայի անվտանգության համար:
Մարտի 13-ին Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 37 և վիրավորվել 125 մարդ: Պայթյունի պատճառը եղել է ականապատ ավտոմեքնան:
Նախօրեին թուրքական Sözçu թերթը հայտնել է, որ Անկարայում պայթյունին հնարավոր մասնակից մահապարտ ահաբեկիչը, հնարավոր է, PKK-ի անդամ է եղել՝ Սեհեր Չագլա Դեմիրը: Թուրքիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը:
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ երկրում փնտրում է ևս 20 ականապատ ավտոմեքենա:
Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ PKK-ն մտադիր է մարտի 20-ին մի շարք ահաբեկչություններ իրագործել Թուրքիայի խոշոր քաղաքներում:








































