Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Հակոբ Բ.-ի գործի դատական քննությունը:
41-ամյա Հակոբը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Հակոբ Բ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, դատվածությունները մարված են:
Հակոբն ամուսնացած է եղել, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երկու երեխա:
2015 թվականին Հակոբն ու կինը ամուսնալուծվել են:
Հակոբն ապրել է Աջափնյակում, նրա ու նախկին կնոջ բնակարանները գտնվել են հարևանությամբ:
Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում:
Հակոբին այցելել է ընկերը՝ Արտակը՝ Արմավիրի մարզի բնակիչ: Վերջինս խնդրել է, որ գիշերի Հակոբի տանը, ուշ ժամին իրենց գյուղ չմեկնի:
Հակոբը թույլ է տվել: Տղամարդիկ սեղան են նստել, ընթրել, խմել են Արտակի բերած օղին ու գարեջուրը:
Երեկոյան ընթրիքին ներկա է եղել նաև այդ պահին հոր՝ Հակոբի բնակարանում գտնվող անչափահաս՝ 13 տարեկան որդին:
Սեղանի շուրջ Հակոբն ու Արտակը զրույց են արել հնից ու նորից: Հյուրը մտերմության մթնոլորտում անկեղծացել ու հարցրել է, թե որտե՞ղ է Հակոբի նախկին կինը՝ Մարինեն (անունը փոխված է): «Մարինես ո՞ւր ա, գիտե՞ս՝ Մարինեն իմ մուրազն էր՝ նույնիսկ ամուսնացած ժամանակ…»:
Հակոբը, ճիշտ է, ամուսնալուծված էր, բայց անթույլատրելի է համարել որդու ներկայությամբ նախկին կնոջ հասցեին խմած տղամարդու նմանօրինակ խոսակցությունը: Նա սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու տեղնուտեղը հարվածել է դեռ Մարինեի մասին հուշերի գրկում թևածող Արտակին:
Այնպես է հարվածել, որ դանակի շեղբը կոթից պոկվել է:
Հարվածից հանկարծակիի եկած Արտակը տեղից պոկվել ու դուրս է փախել: Բայց Հակոբը դանակի մեկ հարվածով չի բավարարվել: Նա խոհանոցից մեկ ուրիշ դանակ է վերցրել ու հետապնդել է փախչող Արտակին:
Դանակահարության տեսարանը արդեն իսկ շոկային պիտի որ լիներ դեռահաս տղայի համար: Նույնիսկ՝ ավելի շոկային, քան անծանոթի սիրային խոստովանությունը մոր վերաբերյալ:
Բայց տղան, ցավոք, ականատես է եղել նաև գործողությունների հետագա՝ արյունալի զարգացմանը:
Հակոբը, դանակը ձեռքին, Արտակի հետևից վազել ու նրան հասել է բակում: Նա դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտակին՝ այտային շրջանին, երկու ազդրերին, կրծքավանդակին, որովայնին: Պատճառել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ որովայնի խոռոչ թափանցող, երիկամի և աղիների վնասումով վերքեր է պատճառել՝ Արտակի առողջությանը հասցրել է ծանր վնաս:
Հակոբը «սթափվել է» միայն տուժողի մարմնի բոլոր հատվածներից հոսող արյունը տեսնելով: Նա դադարեցրել է հարվածներ հասցնելը, արյունոտ դանակը տվել է… կարկամած որդուն, նրան ուղարկել է շտապօգնություն զանգելու, ինքը նույնիսկ ձեռքերով փորձել է փակել տուժողի վերքերը, որ արյուն շատ չհոսի, տարել է նրան, լվացել է վերքերն ու արյան հետքերը…
Այս ընթացքում Հակոբի նախկին կին Մարինեն, որ ապրում էր հարևանությամբ, բակից աղմուկ է լսել, աղմուկի մեջ տարբերել է Հակոբի ձայնը, դուրս է եկել ու հանդիպել է որդուն, ով էլ մորը պատմել է քիչ առաջ ծավալված դրամատիկ ու արյունալի պատմությունը:
Շտապօգնությունն ու ոստիկանները դեպքի վայր են հասել: Տուժող Արտակի կյանքը հաջողվել է փրկել բժշկական միջամտության շնորհիվ, նա առողջական խնդիրներ ունի նաև ներկայումս:
Տուժողը դիմում էր ուղարկել դատարան՝ հայտնելով, թե առողջական խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել դատական նիստերին, ինքը չի առարկում, եթե դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, Հակոբից բողոք կամ նյութական պահանջ չունի:
Դատական քննությունը արագացված կարգով անցկացնելու միջնորդություն, սակայն , ամբաստանյալ Հակոբը չարեց:
Հակոբ Բ.-ն առաջադրված մեղադրանքը՝ տուժողի առողջությանը դիտավորությա՛մբ ծանր վնաս հասցնելը, չի ընդունում, իրեն այդ արարքի համար մեղավոր չի ճանաչում:
Հակոբը, հավանաբար, այն տեսակետը առաջ կքաշի, որ տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել՝ ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ ընկնելով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, քանի որ 13-ամյա որդու ներկայությամբ նախկին կնոջ հասցեին տուժողի կողմից արված արտահայտությունների պատճառով միանգամից կորցրել է ինքնատիրապետումը:
Նախաքննության ընթացքում դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել ու չի կատարվել, նախաքննական մարմինը դրա անհրաժեշտությունը չի տեսել՝ արարքի քրեաիրավական գնահատականը տալու տեսակետից, այսինքն՝ ակնհայտ է համարվել, որ տուժողին հետապնդելով ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ Հակոբն ունեցել է հենց տուժողին ծանր վնաս հասցնելու գիտակցված դիտավորություն…
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն գործով տուժողը, վկաները, այդ թվում՝ անչափահաս ականատես վկան՝ Հակոբի որդին, կհետազոտվեն գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվի ու կհարցաքննվի տուժողը, եթե, իհարկե, նրա առողջական վիճակը թույլ տա, որ ներկայանա դատարան…








































