ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել Կանանց միջազգային օրվան նվիրված ուղերձով: Նա ուշադրությունը սևեռել է աշխարհի ամենաաղքատ երկրներում կանանց տառապանքների վրա, ինչպես նաև նրանց հանդեպ խտրականությանը: Պան Գի Մունը կոչ է արել պաշտպանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների իրավունքները և նրանց թույլ տալ դառնալու գլոբալ սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժը, հայտնում է TASS-ը:
Մարտի 8-ի կապակցությամբ մի շարք մասնագիտացված հաստատություններ տարատեսակ զեկույցներ են պատրաստել՝ նվիրված կանանց դիրքին և դերին ժամանակակից աշխարհում:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իր զեկույցում տեղեկացրել է, որ շատ կանայք դեռևս բախվում են խտրականության աշխատաշուկայում: Կազմակերպության փորձագետները նշում են, որ կանայք հաճախ սահմանափակված են մասնագիտությունների ընտրության հարցում, նաև ցածր աշխատավարձ են ստանում աշխատանքային երկար օրվա դեպքում: Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում կանայք կկարողանան տղամարդկանց հետ հավասար աշխատանքային պայմանների հույս ունենալ միայն 70 տարի հետո:












































