Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Ալբանիա հանդիպումից հետո խաղի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ։ Կողմերը մեղադրվում էին կոռուպցիայի և պայմանավորված խաղի կազմակերպման մեջ։
2015-ի տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքականում դավաճանություն է տեղի ունեցել։ Նա ասաց, որ գիտի դավաճանների անունները, սակայն չի պատրաստվում հրապարակել, քանի դեռ փաստեր չունի։ Այդուհանդերձ, Հայրապետյանն ընդգծեց, որ անպայման ձեռք կբերի անհրաժեշտ փաստեր, իսկ դավաճաններին բացահայտելուց հետո կհանձնի ժողովրդին։
ՀՖՖ նախագահի հայտարարությունից հետո հավաքականի 9 ֆուտբոլիստ, այդ թվում՝ առաջատարները, հանդես եկան միասնական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ֆուտբոլիստներն ունեն ընկերական հարաբերություններ, և ստեղծված մթնոլորտը կապված չէ իրենց հետ։ Նրանք բացառում էին պայմանավորված խաղի հանգամանքը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Արզումանյանը, ով տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր», News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ որոշում է կայացրել ավարտել ելույթը Հայաստանի հավաքականում։
«Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը»,- մասնավորապես նշել էր պաշտպանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում







































