Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության դահլիճում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, և Orange Արմենիան, ի դեմս Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցություն ծավալելու նպատակով:
Համագործակցության շրջանակներում Orange-ի վաճառքի ցանցում, որը սփռված է հանրապետության բոլոր մարզերում, կիրականացվի համակարգիչների վաճառք 0 տոկոս կանխավճարով և երկու տարի մարման ժամկետով:
«Հայաստանում ծառայությունների մատուցման մեկնարկի օրվանից սկսած` մենք մեր առջև նպատակ ենք դրել լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորին` անկախ եկամուտներից ու բնակության վայրից: Դրան է միտված եղել մեր քաղաքականությունն ինտերնետի ոլորտում: Այժմ հպարտ ենք միանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և ՀՀ կառավարության նախաձեռնած այս ծրագրին, որը նույնպես նպատակ ունի Հայաստանում մասսայականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությանն ի սպաս դնելով վաճառքի մեր ընդարձակ ցանցն ու մեր հնարավորությունները` կօժանդակենք Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանը»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: