Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հրավերով մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կգտնվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Բաղդասարյանը կմասնակցի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, ուր ներկայացված են 42 պետություններ: Վոլֆգանգ Գոցի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն REITOX թմրամոլության և թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկմանը, Հայաստանում թմրամոլների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Թմրամիջոցների ու թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:
Նախատեսվում են նաև Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այլ հանդիպումներ:








































