ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ:
Փոխվարչապետը նրանց տեղեկացրել է կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման) միջոցով օժանդակության ցուցաբերմանը, այլ` այդ թվում նաև ֆինանսական աջակցությանը:
Արդեն ավարտվում են վնասի չափերի ճշգրտման և գույքագրման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները: Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզպետարանում կայացած հանդիպմանը հիմնականում քննարկվել են տուժած տնտեսություններին ֆինանսական օժանդակության, վարկային պարտավորությունների սառեցման հնարավորության և գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը նրանց առաջարկել է իրենց ներկայացուցիչներից ստեղծել հասարակական հանձնաժողով և պատրաստակամություն է հայտնել ուղղակիորեն աշխատել հանձնաժողովի հետ ու քննարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը:
Հանդիպման մասնակիցները խնդրել են իրենց մտահոգություններն անհապաղ փոխանցել ՀՀ նախագահին և վարչապետին: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կառավարությունում մոտեցումները կճշգրտվեն, և այդ մասին կհայտարարվի:











































