Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է նոր դեսպաններին: Պապին հավատարմագրեր են հանձնել Ղրղզստանի, Անտիգուայի, Բարբուդիի, Լյուքսեմբուրգի և Բոցվանի դիվանագիտական ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս հանդիպման ընթացքում Պապը քննարկել է նաև ազատ շուկայի խնդիրները և կոչ է արել հիշել, որ այդ բռնատիրության և կոռուպցիայի պատճառը «թաքնված է էթիկայի մերժման, վերջին հաշվով՝ Աստծուն մերժելու մեջ»:
Խոսելով մարդկային կյանքի այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են բժշկությունը, կրթությունը, հաղորդակցության միջոցները՝ նա նշել է, որ մարդկանց մեծամասնությունն այսօր ապրում է ամենօրյա անկայունության մեջ: «Բոլոր երկրներում մարդկանց պատել է վախը և հուսահատությունը: Մարում են կյանքի ուրախությունները, աճում են բռնությունն ու անհանդուրժողականությունը»,- ասել է Պապը:
Ֆրանցիսկոս 1-ինը այս ամենի պատճառ է համարում մարդակային վերաբերմունքը փողի նկատմամբ: Այն, որ մարդիկ աստվածացնում են փողը՝ թույլ տալով նրան իրենց վրա իշխել: Խոսքը հանրության, տնտեսության մեջ մարդու և մարդկայինի ժխտմանն է վերաբերում:
«Ցանկալի կլիներ իրականացնել էթիկական ֆինանսական բարեփոխում, որն էլ իր հերթին բոլորի համար բարենպաստ տնտեսական բարեփոխումների կհանգեցներ: Դա քաղաքական գործիչներից մեծ կամքի ուժ է պահանջում: Փողերը պետք է ծառայեն և ոչ թե կառավարեն: Պապը սիրում է բոլորին՝ հարուստներին և աղքատներին, սակայն Պապը, հանուն Քրիստոսի, պարտավոր է հիշեցնել հարուստին, որ նա պետք է օգնի աղքատին, հարգի նրան և օգնի առաջ շարժվել: Պապն անշահախնդիր համերաշխության կոչ է անում»,- ասել է նա:










































