Մեքսիկացի ֆիզիկոսներն ուսումնասիրել են աշխարհի ամենաարագավազ մարզիկի` Ուսեյն Բոլտի շարժումները և բացահայտել նրա հաջողության գաղտնիքը:
Հիշեցնենք, որ 2008, 2009 և 2012 թվականների արդյունքներով` Բոլտն աշխարհի լավագույն մարզիկ և աթլետ է ճանաչվել: Արագավազորդի անհավանական ունակություններն ու հաջողությունները գրավել են գիտնականների ուշադրությունը: Խորխե Էրնանդեսի գլխավորած ֆիզիկոսների խումբը կառուցել է Բոլտի վազքի մոդելը` վերլուծելով 2009 թվականին Բեռլինում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում նրա ելույթների տեսանյութերը:
Գիտնականները վերլուծել են Բոլտի շարժումները յուրաքանչյուր 0.1 վայրկյանից հետո և կազմել հավասարումներ, որոնք նկարագրում են մարզիկի ընթացիկ արագությունն ու նրա մարմնի վրա ազդող ուժերը: Էրնանդեսի և նրա գործընկերների կանխատեսումները գրեթե 100%-ով համընկել են իրականության հետ:
Այդպես օրինակ` վազորդը առավելագույն`9.49 մ/վ արագություն է ձեռք բերում մեկնարկից 0.89 վայրկյան անց: Այդ պահին նրա մարմինը զարգացնում է 2.6 կիլովատ հզորություն, որի մեծ մասը ծախսվում է օդի դիմադրությունը հաղթահարելու համար: Նման ցուցանիշները թույլ են տալիս Օլիմպիական չեմպիոնին առավելագույն արագության հասնել` 12.16 մ/վ:
Գիտնականները նախատեսում են ստուգել իրենց աշխատանքը թեթև աթլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ, որը կկայանա 2013 թվականի օգոստոսի 10-18-ը` Մոսկվայում:









































