Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը որոշել է իր նոր վեպը՝ «Ջոյլենդ»-ը, չհրապարակել էլեկտրոնային ձևաչափով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Այս կերպ հեղինակը ցանկանում է ընթերցողների ուշադրությունը գրավել գրքի թղթային տարբերակի վրա:
«Ես թվային տարբերակը թողարկելու ծրագրեր չունեմ: Հնարավոր է, երբևէ՝ ավելի ուշ կթողարկեմ այն»,- ասել է Քինգը և ընթերցողներին առաջարկել գնալ իսկական գրախանութ, ոչ թե վիրտուալ:
Ինչպես նշում է թերթը, գրողն այս քայլին է դիմել այն ժամանակ, երբ շատ գրախանութներ ի վիճակի չեն մրցակցել իրենց առցանց մրցակիցների հետ, որոնք առաջարկում են մեծ զեղչեր, և ինտերնետ-ծառայությունների հետ, որոնք վաճառում են էժան գրքեր:
«Ջոյլենդ»-ի գործողությունները ծավալվում են Հյուսիսային Կարոլինայի ժամանցային այգում: Վեպը վաճառքի կհանվի հունիսի 4-ին:






































