Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը գրավել են երկրի արևմուտքում գտնվող Ալ-Կուսեյր քաղաքը, որը համարվում է ապստամբների կարևոր ռազմավարական հենակետ: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Հարձակման ժամանակ կառավարական զորքերը սպանել են ընդդիմության առնվազն 70 ներկայացուցիչների: Գրոհայինների խոսքով՝ իրենց շարքերում զոհվել է 40 մարդ:
Նշվում է, որ Ասադի զորքերը գրավել են քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող վարչական շենքերը:
Ալ-Կուսեյր քաղաքը գրավելով՝ Ասադն այժմ կարող է վերահսկողության տակ պահել Սիրիայի մերձափնյա հատվածը: Բացի այդ, այն կարևոր էր գրոհայինների համար, որովհետև դրա շնորհիվ էին նրանք ներթափանցում հարևան Լիբանան:
Աղբյուրներն ընդգծում են նաև, որ Բաշար Ասադը ձգտում էր գրավել վերոնշյալ քաղաքը մինչև 2013թ.-ի հունիսը. հենց այդ ժամանակ է նախատեսված Սիրիայի հարցով համաժողովը:






































