Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանն այսօր քննել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին կալանավորելու գործը։
Սահմանադրական դատարանը եկել է այն եզրակացության, որ նրանց կալանավորման ժամանակ տեղի են ունեցել իրավախախտումներ, խախտվել են Սահմանադրության 19-րդ, 26-րդ ու 28-րդ հոդվածները, որոնք առնչվում են խոսքի ու մամուլի ազատությանն ու մարդու ազատությանն ու անվտանգությանը։
Սահմանադրական դատարանում նման որոշման օգտին քվեարկել է 12 դատավոր, դեմ՝ 3-ը։ ՍԴ-ը լրագրողների գործը հետ է ուղարկել Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 14-րդ դատարան՝ խախտումները վերացնելու համար։ Դա նշանակում է, որ Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը կարող են ազատության մեջ հայտնվել արդեն այսօր։
Ավելի վաղ Դյունդարի և Գյուլի դեմ մեղադրանք է հարուցվել «պետական գաղտնի տեղեկությունները քաղաքական կամ ռազմական լրտեսության համար ձեռք բերելու», «պետության անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկությունները լրտեսության համար տարածելու», «հաշվարկված կերպով և բռնության կիրառմամբ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ նրա աշխատանքները մասամբ կամ ամբողջությամբ խոչընդոտելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերպության մաս չկազմելով՝ այդ կազմակերպությանը միտումնավոր օգնություն տրամադրելու» մեղադրանքով։
Դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել լրագրողների համար, որոնք բացահայտել էին, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները գաղտնի զենք են մատակարարում Սիրիայում գործող ահաբեկիչներին։






































