Աշխարհի հեղինակավոր ավտոարշավներում Ferrari-ի 250-ը մեծ հաղթանակներ է գրանցել:
Զարմանալի չէ, որ կես դար անց Ferrari 250-ի տարբեր մոդիֆիկացիաները ավտոմեքենաների աճուրդների թոփ-լոտեր են դառնում:
Թողարկվել են մեքենայի ավելի քան երկու տասնյակ մոդիֆիկացված տարբերակներ: Դրանցից ամենահազվագյուտը 250 Europa-ն է, որն արտաքուստ բավականին տարբերվում է շարքի մյուս ավտոմեքենաներից՝ չնայած դրա ստեղծմանը նույնպես մասնակցել են Pinifarina-ի և Vignale-ի դիզայներները: Այս մոդելի ընդամենը 21 մեքենաներ են թողարկվել, դրանց շարքում՝ ընդամենը մեկ 250 Europa Coupé Vignale: Հենց այդ ավտոմեքենան էլ 2013թ. օգոստոս ամսին վաճառքի կհանվի Bonhams աճուրդի տանը:

Bonhams-ի մասնագետները մեքենայի գինը դեռ չեն որոշել: Հավաքածուների տերերի հետաքրքրությունը 50-ականներին թողարկված Ferrari-ների նկատմամբ այնքան մեծ է, որ այդ ժամանակաշրջանում արտադրված ավելի շատ հանդիպող մեքենաների գները ռեկորդներ են սահմանում: Այսպես. 1953թ. արտադրված Ferrari 375 coupe-ն վերջերս վաճառվել է 2 միլիոն դոլարով, իսկ նույն թվականին արտադրված Ferrari Mille Miglia Berniletta-ը՝ 4.3 միլիոն դոլարով:

1954թ. ավտոմեքենան ԱՄՆ է բերել Լուիջի Չինետին: 250 Europa Coupé Vignale-ը հասարակությանը առաջին անգամ ցուցադրվել է նույն թվականին՝ Madison Square Garden ավտոսրահում: Մինչև 2009թ. ավտոմեքենան ԱՄՆ-ից դուրս չի եկել: Այնուհետև այն գնել է շվեյցարացի հավաքորդը:











































