Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մասնակցում է Իրանի դեմ դավադրությանը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պլաններ ունի տարածաշրջանի, այդ թվում նաև Իրանի հանդեպ, որոնք ծագել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրից հետո։
Խամենեին ընդգծել է, որ ԱՄՆ-ը դավադրություն է պատրաստում Իրանի առաջիկա խորհրդարանական, ինչպես նաև Փորձագետների խորհրդի ընտրությունների դեմ, որոնք անցկացվելու են փետրվարի 26-ին։
Խամենեին դատապարտել է Իրանի քաղաքական խմբերի հանդեպ այնպիսի տերմինների կիրառումը, ինչպիսիք են «ծայրահեղականը» ու «չափավորը»։
Խամենեիի խոսքով՝ թշնամիներն այդ խոսքերն օգտագործում են արդեն 37 տարի՝ սկսած Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրվանից, երկրի ժողովրդի մեջ պառակտում մտցնելու համար։









































