«Նախախորհրդարանն» իր այս հռետորաբանությամբ զրոյական արդյունքի է հասնելու: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով «Նախախորհրդարան» նախաձեռնող խմբի հանրահավաքին և հանրահավաքում հնչած մի քանի քաղաքական առաջարկներին:
Արմեն Բադալյանը նշեց, որ քաղաքական գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև բոլոր երկրներում, իրականացնում են քաղաքական կուսակցությունները, որովհետև միայն կուսակցությունները, կուսակցական դաշինքներն են, որ իրավունք ունեն ընտրություններին մասնակցել, ոչ կուսակցական մարմիններն ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, այսինքն՝ չեն կարղ իշխանություն ձևավորել, իսկ իշխանություն ձևավորում են երկու ճանապարհով՝ կա՛մ ընտրությունների միջոցով, կա՛մ զինված ճանապարհով՝ ոչ օրինական: Ըստ նրա՝ երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն կարող է իրականացնել միայն քաղաքական կուսակցությունը կամ դաշինքը, իսկ միավորումները, նախաձեռնությունները հեռանկար չեն կարող ունենալ:
«Նախ՝ նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին, իսկ ոչ ընտրական ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել այն պատճառով, որ իշխանափոխություն ոչ ընտրությունների միջոցով ԱՊՀ տարածքում հնարավոր չէ իրականացնել, դա հնարավոր է եղել միայն ՌԴ-ի և Արևմուտքի աջակցությամբ: Եթե «Նախախորհրդարանն» այնքան հզորանա, որ ցանկալի գործընկեր լինի ՌԴ-ի և Արևմուտքի համար, ապա նշանակություն չունի, թե կուսակցություն է, դաշինք, թե կազմակերպություն, իշխանափոխություն կլինի, բայց ես չեմ կարծում, թե այն կարգի կհզորանա «Նախախորհրդարանը», որ ցանկալի գործընկեր լինի և հետաքրքրություն ներկայացնի Արևմուտքի և ՌԴ-ի համար: Հայաստանյան քաղաքական կյանքում «Նախախորհրդարանի» նշանակությունը զրոյական է լինելու»,- նման տեսակետ հայտնեց Արմեն Բադալյանը:
Վերջինս նաև ասաց, որ հանրահավաքներն այսօր կորցրել են իրենց նախկին դերը՝ սկսած 2008 թ. մարտի մեկից հետո տեղի ունեցած իրադարձություններից: « Ընդդիմությունը հանրահավաքներն օգտագործում էր, որպես տեղեկատվական միջոցառում՝ իր ասելիքն իր կողմնակիցներին հասցնելու համար: Իսկ տեղեկատվության, ինտերնետ հասանելիության ներկայիս պայմաններում այդ հանրահավաքների դերը ևս զրոյացել է: Հանրահավաքներ հիմա կազմակերպում են ընտրություններից երկու-երեք օր առաջ՝ մեկ նպատակով, որպեսզի ընտրությունից առաջ իրենց ուժը ցույց տան»,- նշեց փորձագետը՝ շարունակելով, որ «Նախախորհրդարանի» իրականացրած հանրահավաքն այդ նպատակը չէր կարող ունենալ այն պատճառով, որ մայիսի հինգի ընտրություններն ավարտվել են, իսկ հաջորդ ընտրությունները մի քանի տարի հետո են:
Նրա համոզմամբ՝ աշխատող չի կարող լինել նաև քաղաքացիական անհնազանդության խմբերի ձևավորումը, քանի որ Հայաստանում իշխանափոխություն կարող է լինել միայն ՌԴ-ի կամ Արևմուտքի աջակցությամբ: Ամփոփելով՝ Արմեն Բադալյանն ասաց, որ «Նախախորհրդարանը», որքան էլ փորձի նման հռետորաբանությամբ ինչ-որ միջոցառումներ անցկացնել, կունենա զրոյական արդյունք:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում կայացավ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որն իր ելույթով եզրափակեց նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ մինչև այսօր ռեժիմը կարողացել է իր դիրքերը պահպանել, որովհետև ընդդիմադիրները գործել են սխալ և անկազմակերպ: Ըստ նրա՝ առանց կռիվ տալու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը: «Ի՞նչ անել հիմա: Հիմա-ն վերաբերում է կազմակերպվելուն: Պետք է ձևավորենք քաղաքացիական անհնազանդության խմբեր»,- ասաց Ժ. Սեֆիլյանը, ապա հորդորեց՝ ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ և գնալ զոհողությունների, թող կապվեն իրենց հետ:









































