Աշխարհի 230 քաղաքներից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան կյանքի որակով կրկին ճանաչվել է լավագույն քաղաքը: Այդ մասին վկայում է Mercer միջազգային վարկանիշային ընկերության զեկույցը:
Գնահատման չափանիշներ են համարվել բազմաթիվ կատեգորիաներ` ներառյալ կրթության ծառայությունների որակը, առողջապահությունը և տրանսպորտային ծառայությունները, բնակարանների մատչելիությունը, քաղաքացիական իրավունքի և ազատության պաշտպանության մակարդակը, անվտանգությունը, բնապահպանական վիճակը, կլիմայական գործոնները և այլն:
Վիեննայից հետո վարկանիշի առաջին տասնյակում են շվեյցարական Ցյուրիխը, Օկլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա), Դյուսելդորֆը (Գերմանիա), Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Ժնևը (Շվեյցարիա), Կոպենհագենը (Դանիա) և Սիդնեյը (Ավստրալիա):
Ասիայում ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Սինգապուրը (26-րդ տեղ), ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոն (28): Փարիզը 37-րդ տեղում է, Լոնդանը` 39, Նյու Յորքը` 44, Մոսկվան` 167:
Ցուցակը եզրափակում է Բաղդադը: Իրաքի մայրաքաղաքի կողքին են Կենտրոնաաֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգին և Եմենի մայրաքաղաք Սանան:








































