«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ին 6-7 հաճախորդներ 3-4 րոպե հայհոյում էին մատուցող Դավիթ Ադամյանին, ապա ավելի ուշ նրան «բրդելով դուրս հանեցին»: Ըստ վկա, «Հարսնաքար»-ի մատուցող Գևորգ Միքայելյանի, սրահից դուրս հիշյալ բռնարարքի գործով տուժողները՝ «նկատելի գինովցած» հաճախորդները շրջանի մեջ էին առել մատուցողին ու «քաշքշոցի տիպի խոսում էին»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար»-ի տարածքում հիշյալ բռնարարքի գործով այսօրվա նիստում ցուցմունք տված մատուցող Գևորգ Միքայելյանն ընդգծել է, որ միջադեպին հիմնականում մասնակցում էր գլխարկով հաճախորդը՝ խոսքը ռազմական բժիշկ, բռնարարքի հետևանքով հետագայում մահացած տուժող Վահե Ավետյանի մասին է: Վկայի ներկայացմամբ, Դավիթ Ադամյանը չէր պատասխանում հայհոյանքներին ու հրմշտոցին՝ հանգիստ կանգնած էր, իսկ խմբին մոտեցած ամբաստանյալ, համալիրի աշխատակից Գարիկ Մարգարյանը փորձում էր հանդարտեցնել ու բաժանել միջադեպի մասնակիցներին:
Վկան հայտնել է, որ կողքի սեղաններից հաճախորդները՝ հատկապես կանայք, բողոքում էին «անշնորհք» պահվածքից, ասելով՝ «փակեք մեր հաշիվները, գնանք»:
Դատարանը բավարարել է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի միջնորդությունը իր բանկային հաշվից գումարները տնօրինելու համար իր ազգականին լիազորելու համար թույլտվություն տալու մասին: Տուժող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ իրենց կողմից քաղհայց է պատրաստվում, միջնորդության բավարարումը կարող է խոչընդոտել քաղհայցին: Դատարանը, սակայն, գտավ, որ դատարանը լիազորություն չունի սահմանափակելու ամբաստանյալի իրավունքը:
Դատարանը բավարարել է նաև պաշտպանական կողմի միջնորդությունը տուժողների հետ «Հարսնաքար»-ում գտնված, նախաքննության ընթացքում հարցաքննված վկա Դիանա Նավոյանին որպես վկա դատարանում հարցաքննելու մասին՝ այս միջնորդության դեմ չէր առարկել նաև մեղադրանքի կողմը:
Իսկ «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի և այլոց, շուրջ երեք տասնյակ վկաների հարցաքննելու մասին տուժող կողմի միջնորդության առնչությամբ դատարանը կողմին ժամանակ տվեց, որպեսզի նրանք ներկայացնեն հիմնավորումներ, թե մատնանշած վկաների ցուցմունքներով ինչ հանգամանքներ կարող են պարզել: Մեղադրող Արթուր Դավթյանը նշեց, որ տուժող կողմի ներկայացրած վկաների մեծ մասը նախաքննության ընթացքում հարցաքննվել են և գործի համար էական ցուցմունքներ չեն տվել, մյուս մասը հարցաքննվել է միջադեպի այլ հնարավոր մասնակիցներին հայտնաբերելու համար անջատված մասով: Նախաքննական մարմնի թույլտվությամբ, մեղադրող կողմը կարող է հիմնավորումներ ներկայացնել, թե նրանք ինչ հանգամանքների մասին են ցուցմունքներ տվել՝ հետագայում որոշելով նրանց դատարանում հարցաքննելու նպատակահարմարության հարցը:
Մայիսի 21-ի դատական նիստում ցուցմունքներ կտա վկա Դիանա Նավոյանը:








































