Նախկինում արդեն տեղեկացրել էինք, որ բելառուսական տրակտորներ արտադրող Բոբռուսկի գործարանը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս չվճարի Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
Քիչ առաջ գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ գումարը վճարե՞լ է արդեն Վ. Կարապետյանը, պատասխանեց. «Ոչ, երեկ խոստացել է, որ կվճարի, բայց նա նման խոստում տալիս է արդեն մոտ մեկ տարի: Մեր իրավաբաններն այս պահին փաստաթղթեր են պատրաստում՝ նրան դատի տալու համար»։
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը ընկերությանն առաջարկել է Беларус-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր` «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերության համար` 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Բելառուսական գործարանը, ելնելով «Հայաստանի կառավարության անդամների հանդեպ մեծ վստահությունից», մայիսին պայմանագիր է կնքել, և հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան` պայմանով, որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը ամբողջությամբ չի ստացել տրակտորների գումարը:
Խնդրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:










































