45 տարեկանից հետո դեպրեսիան 2,5 անգամ մեծացնում է կանանց մոտ ինսուլտի առաջացման հավանականությունը: Սա պարզել են Ավստրալիայի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է ամերիկյան Սրտաբանական ասոցիացիայի Stroke ամսագրում:
12 տարի ձգվող հետազոտությանը մասնակցել է 47-52 տարեկան ավելի քան 10 հազար 500 կին, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 24 տոկոսը դեպրեսիայի մեջ են եղել: Այդ ժամանակահատվածում գրանցվել է առաջնային ինսուլտի 177 դեպք: Անգամ հաշվի առնելով այլ զգալի գործոններ, ինչպիսիք են կենսակերպը, վնասակար սովորույթները, ֆիզիկական ակտիվության աստիճանը, բարձր ճնշումը, ավելորդ քաշն ու շաքարախտը, ինսուլտի առաջացման ռիսկը դեպրեսիայի հակում ունեցող կանանց մոտ 1,9 անգամ ավելի բարձր է:
Ինչպես նշում են հետազոտողները, դեռ պարզ չէ՝ ինչու է դեպրեսիան նման զգալի ազդեցություն գործում այդ տարիքային խմբի վրա: Հնարավոր է՝ դրա պատճառն օրգանիզմում բորբոքային պրոցեսներն են, որոնք ազդում են արյունատար անոթների վրա:










































