Այսօր հրապարակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Ռուսաստանն ու ես» խորագրին: Հարցազրույցի առանձին դրվագներ հրապարակվել էին ավելի վաղ, իսկ այժմ հարցազրույցը հրապարակվում է ամբողջությամբ: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ 2015 թվականի սեպտեմբերին, երբ տեղի է ունեցել այդ հարցազրույցը, հայտարարվեց, որ այն ամբողջությամբ կհրապարակվի հոկտեմբեր-նոյեմբերին, սակայն հրապարակվում է մի քանի ամիս ուշացումով:
Եվ այստեղ, իհարկե, շատ հետաքրքրական են դառնում ոչ այնքան հարցազրույցում արտահայտվող մտքերը, որոնց մեծ մասը և հիմնական, առանցքային մասը այսօր ըստ էության այնքան էլ նորություն չեն, որքան ուշագրավ է այն, թե ինչու է հարցազրույցն ամբողջական կերպով հրապարակվում ոչ թե 2015-ի նոյեմբերին, այլ 2016-ի փետրվարին: Այդպես է ուզել Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ այդպես է տնօրինել «Ազատություն» ռադիոկայանը: Բանն այն է, որ լիովին այլ իրավիճակ էր 2015-ի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին, և բոլորովին այլ իրավիճակ է այժմ, հատկապես Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո, նաև ՀՅԴ հետ կոալիցիոն բանակցությունների ֆոնին, որոնք շատերը դիտարկում են նաև որպես Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հենարանից զրկելու գործընթաց:
Ահա այս ընդհանուր իրավիճակում հետաքրքրական է դառնում երկրորդ նախագահի հարցազրույցի ամբողջական հրապարակումը, որը ոչ այլ ինչ է, քան հավատարմության երդում Ռուսաստանին: Քոչարյանը հայտարարում է, որ Ռուսաստանն իր համար ավելին է, քան պետությունը: Այլ կերպ ասած՝ նա, ըստ էության, իրեն դիտարկում է «ռուսական աշխարհի» կոնտեքստում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ երկրորդ նախագահը փորձում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին հակադրել այս մոտեցումը՝ ներքին գործընթացները ձգտելով Մոսկվային ներկայացնել որպես Հայաստանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման նոր փորձ:
Եվ սրանով Ռոբերտ Քոչարյանը փորձում է հակադրվել իշխանությունը պահելու Սերժ Սարգսյանի ակնհայտ փորձերին, թե՞ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս կձգտի առաջնորդվել նվազագույն ծրագրերով և փորձել ընդամենը իր համար որևէ ներկայացվածություն ապահովել 2017-ի խորհրդարանում և այդ իմաստով փորձում է Ռուսաստանին հայտ ներկայացնել, որ ի դեմս իրեն, կամ ի դեմս իր քաղաքական թիմի՝ Մոսկվան կարող է ունենալ իր շահերի հուսալի պաշտպան:
Այս հարցերի պատասխաններում որոշակիություն կարող էր մտցնել հենց այն հարցի պատասխանը, թե ինչու է Քոչարյանի ամբողջական հարցազրույցը հրապարակվում այժմ, ոչ թե նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, ինչպես հայտարարվել էր: Ըստ այդմ պարզ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է վերադառնում խաղ, թե՞ նրան վերադարձնում են խաղի մեջ, և ինչ նպատակներով: