Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ, «Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը մայիսի 2-ին դիմում էր ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչություն`պահանջելով վարչական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին այն բանի համար, որ ինքը դպրոցում աշխատանքի է ընդունվել և աշխատել է առանց օրենքով սահմանված աշխատանքային պայմանագրի: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նրա դիմումը մերժվել է:
Հիշեցնենք, որ շախմատի նախկին ուսուցիչն աշխատանքից ազատվել է իրավաբանորեն իրեն անհայտ պատճառներով: Բայց փաստացի աշխատանքը կորցրել է, քանի որ 2-ի 3-րդ դասարանում դասին անպատրաստ եկած տասնյոթ աշակերտի երկուս է նշանակել: Նրանց մեջ են եղել նաև Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռնիկները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկն ասել է. «Որոշման փոխարեն ստացա գրություն, թե տնօրենին ուղարկվել է հարկադիր կատարման հանձնարարական: Սա հերթական պատվեր է: Եթե մի դպրոցում սովորում են Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի թոռնիկները, ապա պարզ է, որ տնօրենը ստանում է պետական աջակցություն»: Նախկին ուսուցիչը կդիմի նաև դատարան՝ հասնելով մինչև Եվրադատարան:









































