Ուկրաինայի կառավարությունն աջակցել է երկրի ՆԳՆ նախաձեռնությանը՝ տրավմատիկ և որսորդական զենքի ազատ վաճառքը թույլ տալու վերաբերյալ, և խորհրդարանին ներկայացրել է համապատասխան օրինագիծ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Օրինագիծը նախատեսում է թույլ տալ 18 տարին լրացած անձանց ձեռք բերել տրավմատիկ զենք, իսկ 21 տարին լրացած անձանց՝ որսորդական զենք:
Դրա հետ մեկտեղ ՆԳՆ-ը կարող է արգելել զենքի ձեռք բերումն այն քաղաքացիներին, որոնք դատապարտվել են ազատազրկման կամ չունեն բնակության վայրի գրանցում:
Կառավարությունն առաջարկում է զենքը պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանել 5 տարի։
Ներկայում Ուկրաինայում տրավմատիկ զենք ձեռք բերելու իրավունք ունեն խորհրդարանի պատգամավորները, լրագրողները, իրավապահ մարմինների, դատարանների աշխատակիցները և պետական ծառայողները:










































