ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կուսակցության գրասենյակի դիմաց Տիգրան Մեծ փողոցի մի ծումբ խաբված բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում: Չնայած դրսում տեղացող հորդառատ անձրևին, բնակիչները եկել են, որպեսզի Սերժ Սարգսյանից պահանջեն իրենց հասանելիք բնակարանները: Մարդիկ արդեն մի քանի տարի է՝ ապրում են վարձով բնակարաններում, ճիշտ է՝ վարձը վճարում է պետությունը, սակայն,ինչպես հավաստիացնում է բնակիչներից մեկը, շատ ուշացած. «Տանտերը վարձն ուզում է ամսվա սկզբում, իսկ նրանք ուշացնում են, հենա վեշերս հանել-դրել են դրսում, որ մինչև չտանք չենք կարող բնակվել այնտեղ, արդեն չգիտենք էլ՝ ինչ անենք»: «Առաջին լրատվական»-ի հարցերին, թե մասնակցե՞լ են արդյոք ընտրություններին և ո՞ւմ են տվել իրենց ձայնը, նույն բնակիչը պատասխանեց. «Հավատով մասնակցել ենք՝ Սերժ Սարգսյանին էլ ենք ընտրել, Տարոն Մարգարյանին, Հովիկ Աբրահամյանին, բայց ո՞ւր է՝ ոչինչ չեն անում մեզ համար»:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ բնակիչների հետ հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով խոստացել է հարցը բարձրացնել, սակայն խաբված բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ երկրի նախագահն էլ, վարչապետն էլ շատ լավ տեղյակ են իրենց խնդրից, պարզապես լուծում չեն ուզում տալ:











































