Եվրոպայի խորհրդի և Վրաստանի հարաբերությունները բարելավվել են Բիձինա Իվանիշվիլիի կառավարության իշխանության գլուխ գալուց հետո: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ն, այս մասին Վրաստանի ԱԳ ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը:
Վերջինս նշել է, որ բազմիցս հանդիպել է Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երկրի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանիի հետ, որը ներկայացրել է կարևոր բարեփոխումները, որոնք անցկացվում են երկրում:
Նա նաև նշել է ԵԽԽՎ-ում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հաջող ելույթի մասին:
Արտգործնախարար Մայա Փանջիկիձեն իր հերթին հայտարարել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, համատեղ նախագծեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, հակամարտությունների կարգավորմանը, օրենքի գերակայության ուժեղացմանը:
«Վրաստանի խորհրդարանում արդեն քննարկում են ԵԽ գրասենյակի բացման հարցը, ինչը խնդիր էր: Այս ամենը վկայում է մեր հարաբերությունների ակտիվացման մասին և կարծում եմ, որ ԵԽ-ի խորհուրդները զարգացում կբերեն Վրաստանին»,- ասել է Փանջիկիձեն:










































