Մայիսի 14-ին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի ֆինանսական միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդիսավոր բացման և միաժամանակ նրա կողմից կառուցված «Փարավոն» զվարճանքի կենտրոնի բացման արարողությունները չափազանց նշանավոր էին հայաստանյան քաղաքական կյանքը, ուժերի իրական դասավորությունը հասկանալու առումով: Այդ օրն ամեն ինչ պարզ դարձավ մտածող հասարակության համար: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողությանը և այդ արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանի խոսքին, թե՝ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:
Քաղաքագետը նշեց, որ միաժամանակ եկեղեցի և խաղատուն բացելը, այդ ամենը որպես նվաճում ներկայացնելը խայտառակություն է: «Սա ոչ թե եկեղեցի է, այլ սատանայի տուն, որովհետև կառուցվել է ժողովրդից գողացված գումարներով: Խայտառակություն է նաև այդ արարողություններին նման մեծ կարևորություն տալը. հասարակությանը ցանկանում են ցույց տալ, թե այս երկրում ինչ-որ բան է կատարվում»,- ասաց Արկադի Վարդանյանը:
Վերջինս ընդգծեց, որ իր համար անակնկալ չէր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Ըստ նրա՝ ի սկզբանե պարզ էր, որ նրանք ընդդիմությունից հեռու են իրենց գաղափարախոսությամբ, իրենց մոտեցումներով: Նրանց դեպքում ընդդիմության մասին խոսելն անիմաստ էր, քանի որ իրականում ԲՀԿ-ն իշխանության մասնիկ է, արհեստականորեն ստեղծված կառույց: Արկադի Վարդանյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ որդեգրած քաղաքականության միակ նպատակն այն էր, որ առանց այն էլ պառակտված ու փլուզված ընդդիմությունը վերջնականապես կոտրվի:
«ԲՀԿ-ն միտք ուներ թուլացնել ընդդիմությանը, հասարակության համար հերթական թամաշան սարքել նախագահական ընտրություններից առաջ: Միայն այսքանը»,- ասաց Արկադի Վարդանյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններում առկա հակասություններին՝ նա ասաց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կատակերգություն սարքեց, որի գլխավոր դերակատարներից մեկն էլ Վարդան Օսկանյանն էր: «Ես չեմ կարծում, թե այդ կուսակցությունը կտրոհվի, որովհետև կուսակցության որոշ անդամներ կարծում են, որ ԲՀԿ-ն պետք է ընդդիմություն դառնար, իսկ ոմանք այդպես չեն մտածում: Ես կարծում եմ, որ իրականում այս ամենը կատակերգություն էր: Վարդան Օսկանյանը տարիներ շարունակ իշխանության մաս է կազմել, բավականին ազդեցիկ պաշտոն է զբաղեցրել: Ի՞նչ պատահեց, որ նա մի օր արթնացավ և զգաց, որ ընդդիմություն է, ինչի՞ն է ընդդիմանալու՝ իր իսկ շեֆի վարած քաղաքականությա՞նը: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, այդ շեշտադրումը պետք է առանձնացնել, քանի որ նման բան չէր կարող լինել: Բոլոր հարցերը նա է որոշում, ոչ թե Վարդան Օսկանյանը»,- մեկնաբանեց Արկադի Վարդանյանը:
Խոսելով ընդդիմադիր ուժերի մասին՝ Ա. Վարդանյանն ասաց, որ իրենց ընդդիմություն համարող ուժերը հետևություններ պետք է անեն: Նրա գնահատմամբ՝ ՀԱԿ-ն իրեն վաղուց խայտառակել է, զրոյացել՝ որպես քաղաքական ուժ: «Չգիտեմ՝ ՀԱԿ-ը որքանով է ամաչում իր ասածներից: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչները մասնակցեցին Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը, բոլորի դեմքը պարզվեց: Երեկ շատ նշանավոր օր էր, ամեն ինչ պարզ դարձավ մտածող հասարակության համար: ՀԱԿ-ը, որպես ընդդիմություն, գոյություն չունի, ՀՅԴ-ն, ինչպես միշտ, անորոշ դիրք ունի և կպահպանի այդ անորոշությունը»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































