«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
– Ես նախարար եմ դարձել քաղաքական գործընթացների արդյունքում քաղաքական կուսակցության՝ ՀՀԿ-ի ղեկավարի որոշմամբ՝ և՛ իրավական, և՛ քաղաքական տեսակետից, և շատ բնական եմ համարում, որ նույն քաղաքական պրոցեսները, որոնք բերում են նախարարական պորտֆել, կարող են նաև տանել այդ պորտֆելը: Իմ քաղաքական գործունեության մեջ գործադիրում աշխատելը համարում եմ մեծ պատիվ: ԿԳ նախարարությունը ղեկավարելը պատիվ էր, դժվար էր, բայց պատվաբեր էր, բայց ընդամենը էջ էր իմ քաղաքական գործունեության մեջ, և, բնականաբար, այս գիտելիքը, այս փորձն ու պատասխանատվությունն ինձ պետք են գալու, ըստ իս՝ սա հրաշալի դպրոց էր, ես շատ բան եմ սովորել և՛ համակարգից, և՛ շահառուներից, և՛ հասարակությունից, և՛ իմ գործընկերներից, որովհետև կառավարչական հմտությունները հղկվում, ձևավորվում են տարիների ընթացքում: Ըստ երևույթին՝ որևէ ողբերգական երանգ այս ամենում ինձ համար չեմ տեսնում, այլ տեսնում եմ նոր հնարավորություն՝ դուրս գալու հարմարավետության գոտուց, որ ձևավորվել էր այս տարիների ընթացքում, որտեղ ես ինձ ամուր էի զգում, գիտակ էի զգում, տիրապետում էի համակարգին, և նոր մարտահրավերներին ընդառաջ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ, ինչը շատ եմ սիրում:
– Ձեզ որտե՞ղ եք տեսնում. ակտիվ քաղաքականության մեջ, դեսպանի պաշտոնում…
– Ինձ տեսնում եմ գերակտիվ քաղաքականության մեջ, կուսակցական գործունեության մեջ, այնտեղ, որտեղից եկել եմ՝ քաղաքական դաշտում, և որտեղի մաս եմ կազմել անգամ նախարար լինելով՝ չկարողանալով զսպել գայթակղությունս, ցանկությունս, կարողություններս և հմտություններս՝ չմիջամտելու երկրի քաղաքական գործընթացներին:
– Այսինքն՝ ակտիվ կմասնակցեք նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների՞ն:
– Աստված առաջ: Մնացած ամեն ինչը, կարծում եմ, ոչ միայն մարդկային ցանկությունների, քաղաքական գործընթացերի, այլ նաև ճակատագրի բերում է:
– Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի ինչի՞ն էր պետք կոալիցիա կազմել Դաշնակցության հետ:
– Մենք սահմանադրական բարեփոխումներից հետո Սահմանադրությունը կյանքի կոչելու խնդիր ունենք: Նախագահի ուղերձը ինձ համար և հասարակության ու քաղաքական վերնախավի համար ամենակարևոր ծրագրերից մեկն էր, որ դրվեց քաղաքական ուժերի և նախևառաջ իշխանության առջև Հայաստանի հետագա զարգացման համար: Նոր Հայաստանը սակավաթիվ միտինգները չեն, այն մարդիկ չեն, որոնք փորձում են ինչ-որ կերպ բզբզալ քաղաքական դաշտում՝ առանց մեծ հաջողությունների, նոր Հայաստանը տեսլական է, և այս տեսլականին հասնելու համար բոլոր ողջամիտ, առողջ քաղաքական ուժերը պետք է լցվեն, որովհետև նախագահի ելույթը հանրապետականի ելույթ չէր, եթե դուք ուշադիր նայել եք տեքստը, վստահաբար նմանատիպ տեսլական, համախմբող, կոնսենսուսային տեսլական պետք է ունենան բոլոր քաղաքական ուժերը, և այնտեղ չկար մի բան, չկար մի մեսիջ, որը բացառապես կուսակցական էր, նախևառաջ խոսեց ժողովրդի սրտից և իր մտքից: Հետևաբար նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու համար քաղաքական ուժերը պարտավոր են աշխատել միասին: Կարող են աշխատել միասին որպես ընդդիմություն, սա էլ է աշխատանք, կարող են աշխատել որպես կոալիցիա կամ համագործակցության այլ ձևերի մեջ: Եվ այս տեսակետից ակնհայտ է, որ ճանապարհը բարդ է լինելու, քաղաքական պատասխանատվությունը, այո, մեզ վրա է լինելու:
– Բայց կարծես թե Դաշնակցությանն էլ եք այդ պատասխանատվության մաս դարձնում:
– Անգամ նախորդ կոալիցիոն կառավարությունների ժամանակ՝ Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, որքան էլ ոլորտները բաշխվել էին ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի միջև, մեկ է, գործունեության պատասխանատվությունը մենք երբևէ չենք բարդել: Երբեք որևէ լուրջ հանրապետականի ելույթ չեք գտնի այս 15 տարվա մեջ, որ ասի՝ գիտեք՝ կրթության ոլորտը դաշնակներինն է, իրենց հարցրեք, իրենք են մեղավոր, կամ ասի՝ քաղաքաշինությունն ՕԵԿ-ինն է, ՕԵԿ-ից հարցրեք, երբե՛ք: Եվ մեր քողի, մեր քաղաքական տանիքի ներքո մենք փորձում ենք համախմբել բոլոր առողջ ուժերին, որոնց հետ ունենք ընդհանուր տեսլական:
Մի՛ զարմացեք, որ սոցիալիստները կազմում են կոալիցիա աջակողմյանների կամ կոնսերվատորների հետ: Գերմանիան դրա վառ ու լավ օրինակն է, երբ որ սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնեա-դեմոկրատները իրար ատելով ամբողջ ընտրարշավի ընթացքում, իրար վրա ցեխ շպրտելով և կոմպրոմատներ հրապարակելով՝ ընտրություններից անմիջապես հետո ստիպված են լինում կազմել կոալիցիա երկրի զարգացման համար:
Կոալիցիայի ծրագրային նպատակը տարբերվում է կուսակցության ծրագրային նպատակից, որովհետև կուսակցության ծրագրային նպատակը բացառապես գաղափարական է, նեղ գաղափարական, օրինակ՝ նժդեհականության կամ ազգային սոցիալիզմի գաղափարը, որ ունի Դաշնակցությունը, կոալիցիոն համագործակցության նպատակը հասարակության ու երկրի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելն է:
– Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու մասին Սերժ Սարգսյանն իր ելույթում որևէ բան չասաց, չհնչեցին այն պորտֆելների, այն մարզպետների ու նախարարների մասին…
– Դուք ինձ հիշեցնում եք այն անհամբեր հեռուստադիտողին, որ ուզում է բոլոր սերիաները միանգամից նայել: Հերթով:











































