Օրեր առաջ «Հրապարակ»-ը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության ստացած քվեներին, նկատել էր, որ ՕԵԿ հեղինակությունն այնքան է ընկել, որ 2017-ին ԱԺ անցնելու հավանականությունը փոքրացել է: Լուրից վրդովված՝ խմբագրություն է զանգահարել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Օգտվելով նրա «վրդովմունքից»՝ թերթը հարցազրույց է արել տիկին Բիշարյանի հետ, թեև հարցերը պահանջել են գրավոր:
– Տիկին Բիշարյան, խնդրում եմ նշեք, թե որ քաղաքական ուժն ինչ մարտավարություն էր որդեգրել Երևանի ավագանու ընտրություններում: Մասնավորապես` ՀՀԿ-ն: Համաձա՞յն եք այն հայտարարություններին, որ փողի ու ադմինիստրատիվ լծակների կիրառումն էր գերիշխում:
– Չեմ ցանկանում մեկնաբանել որևէ քաղաքական ուժի մարտավարությունը, քանի որ դա իմ խնդիրը չէ, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր գործընկերների մասին: Ինչ վերաբերում է փողի և ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմանը, ապա, այո, այսօր ընտրությունում հաջողություն ունենալը մեծ մասամբ պայմանավորված է փողի և ադմինիստրատիվ ռեսուրսով, որոնց մասով ՕԵԿ-ն ունի սահմանափակ հնարավորություններ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ստացած քվեներին: Եթե դուք ինձ ասեք՝ եթե ոչ ստացված քվեն, ապա ինչն է խոսում քաղաքական ուժի իրական հեղինակության մասին, ապա ես ձեր հարցին ավելի հստակ կպատասխանեմ: Մի բան հստակ է` երևանցին իր ընտրությունը կատարեց: Իսկ երբ խոսում ենք կաշառքի և վախի մասին, ապա պետք է ասենք նաև մյուսը` իսկ ի՞նչն էր այդ մարդկանց խանգարում չկաշառվել, չվախենալ: Վստահ եմ, որ ոչինչ էլ չէր խանգարում: Այնպես որ, եթե մարդիկ կամովի կաշառվում են, կամովի ընտրում են, ուրեմն պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել:
– Ձեր կարծիքով` ի՞նչ է նշանակում «այլընտրանք», և ինչո՞վ է արտահայտվում ԲՀԿ-ի` որպես այլընտրանք հանդես գալը: Քաղաքական ուժերի դասակարգումը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի:
– Ինձ հայտնի է քաղաքական ուժերի 2 տեսակ: Կամ դու իշխանություն ես, կամ եթե իշխանության մեջ չես` ուրեմն ընդդիմություն ես: Եթե ոչ նա ես, ոչ էլ մյուսը, ապա հարց է առաջանում` ո՞ւմ ես այլընտրանք` իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը, թե՞ երկուսին միասին վերցրած: Կոնկրետ ինձ համար ԲՀԿ-ի «այլընտրանք» լինելը ոչ մի արտառոց կամ յուրահատուկ արտահայտվածություն չունի: Նույն ԲՀԿ-ն է` միայն ավելի ընդդիմադիր հռետորաբանությամբ: Սակայն, կարծում եմ, ԲՀԿ-ն առաջիկայում կգնա իր քաղաքական կուրսի ավելի հստակեցման ճանապարհով, քանի որ Գագիկ Ծառուկյանը եկեղեցու բացման ժամանակ հստակ քաղաքական հայտարարություններ է արել` ասելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, պատճառաբանելով, որ երեք-չորս ընդդիմադիր ուժեր արդեն գոյություն ունեն:
– Ինչո՞վ եք բացատրում ՕԵԿ-ի և ընդդիմադիր ուժերի պարտությունն ավագանու ընտրություններում: Դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Ձեր կուսակցության հետագա ճակատագրի, գործունեության, քայլերի վրա:
– Ամենաառարկայական հետևանքն այն է, որ ներկայացված չենք լինելու Երևանի կառավարման համակարգում ինչպես նախորդ 4 տարիներին, այնպես էլ առաջիկա 4 տարիներին, բայց դա չի նշանակում, որ հնարավորություն չենք ունենա անուղղակի մասնակցություն բերել այն խնդիրների լուծմանը, որոնք առկա են մայրաքաղաքում: ՕԵԿ-ը խորհրդարանական ուժ է, իշխանության մեջ գտնվող կուսակցություն է, և մենք այդ միջոցներով ենք մասնակցում երկրի կառավարմանը, որի մեջ է մտնում նաև Երևանը: Ընտրություններում չհաղթելը որևէ ճակատագրական ազդեցություն չի ունենա ՕԵԿ-ի ճակատագրի վրա: Մենք շարունակելու ենք աշխատել ակտիվ` ինչպես միշտ: Ինչ վերաբերում է պարտության պատճառներին: «Օրինաց երկիրը» պարտվեց թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, թե մեզանից կախված, թե մեզ հետ բացարձակ կապ չունեցող երևույթների պատճառով: Այսինքն՝ այս ընտրություններում չհաջողելը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հիմքեր ունի, ինչը կուսակցությունը, բնականաբար, հաշվի կառնի և համարժեք քայլեր կձեռնարկի: Մտածողներից մեկն ասում էր, թե ցանկացած պարտություն կարող է ապագայի հաղթանակների համար հրաշալի հիմք հանդիսանալ, միայն թե կարողանաս հասկանալ դրա պատճառները: Եվ ընդհանրապես, մեզանում կարող է սկիզբ առնել մի ծայրահեղ վտանգավոր «սովորություն», որ ինչպես մեքենայի համար վառելիքը, այնպես էլ ընտրությունների համար փողը կարող են դառնալ մոտիվացնող և շարժիչ ուժ:
– Կարծիք կա, որ ՕԵԿ-ին տրված 3 և ավելի տոկոսը, ստացել է Ձեր ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը: Նաև մամուլում հայտարարվեց, որ թե Երիցյանը և թե ՕԵԿ-ը հեղինակազրկվեցին: Ձեր մեկնաբանությունը:
– Իհարկե, շատ մարդիկ քվեարկել են «Օրինաց երկիր» կուսակցության օգտին` թե կուսակցության կշռի և թե Արմեն Երիցյանի` ցուցակը գլխավորելու պատճառով: Դա չպետք է ժխտել, սակայն կա ճշմարտության մյուս կողմը նաև, որ ՕԵԿ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը մշտապես քվեարկում է նրա օգտին: 2009թ. Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը հավաքեց ավելի քան 20 հազար ձայն, իսկ ընդամենը մեկ տարի առաջ դուք դրա ականատեսը եղաք խորհրդարանական ընտրություններին: Հետաքրքրվածները և շահարկումների սիրահարները կարող են ԿԸՀ կայքում տեսնել, թե, օրինակ, 2012թ. խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիրն» Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ նույն Երևանում որքան ձայն է տարել: Ավելի շատ, քան այս ընտրություններում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի և Երիցյանի հեղինակազրկվելուն: Որևէ տեղական, նույնիսկ մայրաքաղաքային ընտրության արդյունքներով պայմանավորել և գնահատական տալ քաղաքական ուժի և այն ներկայացնող անձի հեղինակությանը, առնվազն տեղին չէ: Երիցյանն արդեն 3 տարի է, ինչ ՕԵԿ փոխնախագահն է, հրաշալի ղեկավարում է ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարարությունը, խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի եռյակում էր:
– Հնարավո՞ր է ՕԵԿ-ը նորից վերադառնա ընդդիմադիր դաշտ: Եվ որքանո՞վ են իրականությանը մոտ այն խոսակցությունները, որ Արթուր Բաղդասարյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը:
– ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր իշխանության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: Համաձայն օրենքի՝ 4-րդ բարձրաստիճան քաղաքական, պետական պաշտոնյան է, երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը: Մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք և ՀՀԿ մեր գործընկերների հետ շիտակ քաղաքական գործակցության մեջ ենք` համաձայն ստորագրած հուշագրի, և ընդդիմադիր դաշտ վերադառնալն անիմաստ է, քանի որ դեռ մի տարի էլ չի անցել նոր ստորագրած հուշագրից: Սրան ավելացնենք այն հանգամանքը, որ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատում են փոխըմբռնման պայմաններում, ընկերներ են կյանքում, որն էլ ավելի է ամրապնդում մեր գործընկերությունը, որովհետև շատ բան կախված է նաև առաջնորդների կամքից: Իրավահաջորդի մասին նոր ավարտված նախագահական ընտրություններից հետո խոսելն առնվազն անիմաստ է, էլ չեմ խոսում այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրություններին նախորդելու են 2017թ. ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունները: Իսկ թե ինչ կլինի տարիներ անց, ոչ ոք չի կարող ասել, և ես կողմ չեմ հեռուն գնացող եզրակացություններ անելուն: Կարևորը մեզ համար կանխատեսելի ուժ լինելն է, կանխատեսելի գործընկեր լինելն ու ունենալն է:
– Չե՞ք կարծում, որ մի քանի նախարարական պորտֆելն ու ԱԱԽ քարտուղարի պաշտոնն այն ձեռքբերումը չէ, որի համար որևէ կուսակցություն համաձայնի հրաժարվել ընդդիմադիր կեցվածքից, խուսափի իշխանության սխալները քննադատելուց և կրի իշխող կուսակցության կցորդի պիտակը: Հանուն այդ ամենի արժե՞ր դառնալ հասարակության քննադատության թիրախը:
– ՕԵԿ-ին ոչ միայն քննադատում են, այլ նաև շնորհակալություն հայտնում, հավատում և վստահում: Մի մոռացեք, որ նույն այդ հասարակության մի հատվածը վերջին 5 համապետական ընտրություններում քվեարկել է ՕԵԿ-ի օգտին: Եվ վերջապես, չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում, ոչինչ չի ասում և ոչ մեկն է: ՕԵԿ-ը գործող ուժ է, աշխատում է, չի վախենում քննադատությունից, չի խուսափում քննադատվելուց, և մենք միշտ պատրաստ ենք մեկնաբանել և հակադարձել բոլոր այն քննադատությունները, որոնք հնչում են մեր հասցեին: Ի՞նչ է նշանակում խուսափել իշխանության սխալները քննադատելուց և կրել իշխող կուսակցության կցորդի պիտակը: Նախ, ինչպե՞ս կարող է կցորդ լինել մի քաղաքական ուժ, որն արդեն 16 տարի քաղաքական դաշտում ունի իր ուրույն տեղն ու դերը, որը մշտապես հաղթել է վերջին 5 համապետական ընտրություններում, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է և այսօր էլ իշխանության թե օրենսդիր և թե գործադիր մարմիններում ունի իր դերակատարումը և ազդեցությունը որոշումների ընդունման և իրագործման գործում: Օրինակ, այսօր ԱԺ-ի ընդունած օրենքների և որոշումների գերակշիռ մասն ընդունվում է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորների համատեղ քվեարկությամբ` միջինը 70 կողմ ձայներով, և մեր դերն այստեղ շատ կարևոր է: Երկրորդ. իշխանության սխալները նախևառաջ պետք է քննադատի ընդդիմությունը, ինչը մենք ինքներս շատ ավելի լավ ու գրագետ ենք անում, քան իրենք: Եվ, վերջապես.
ՕԵԿ-ն այն քիչ քաղաքական ուժերից է, որը քաղաքական ուժ է բառիս բուն իմաստով: Սա արդեն ապացուցելու կարիք չունի: Տեսե՞լ եք երբևէ մեր ասածի կամ արածի մեջ քաղաքական բաղադրիչի բացակայություն: Իհարկե չեք տեսել: Տեսե՞լ եք երբևէ, որ ՕԵԿ-ը հստակ դիրքորոշում չունենա քաղաքական կարևորագույն գործընթացների` տարբեր մակարդակի ընտրությունների, արտաքին և ներքին քաղաքական օրակարգի խնդիրների վերաբերյալ, իհարկե չեք տեսել: Կարող եմ շարքը երկար թվարկել: Համենայնդեպս, եղել ենք ընդդիմություն, բայց սիլի-բիլի չենք արել իշխանությունների հետ, եղել ենք իշխանություն, բայց էժան քննադատությամբ քաղաքական դիվիդենտներ չենք շահել: Իսկ վերջին տարիների քաղաքական գործընթացները, մասնավորապես նախագահական ընտրությունները, հստակ ցույց տվեցին, թե ովքեր են իրական կցորդները, ովքեր են հանուն իրենց նեղ անձնական և այլ շահերի պատրաստ առուծախի ենթարկել այն քաղաքական կապիտալը, որը հասարակությունը նրանց տվել էր նախորդ ընտրությունների ժամանակ: Մի խոսքով, ժամանակը գրեթե բոլոր հարցերի պատասխաններն արդեն տվել է: Թե ով ով է, մենք բոլորս շատ լավ գիտենք, պարզապես քաղաքականությամբ զբաղվող մի քանի խմբավորումներ կան, որոնք ուղղակի վերածվել են գործիքի, որոնց ով ոնց հասցնում՝ օգտագործում է, բայց բոլորից բարձր իրենք են գոռում ու պիտակավորում այլոց: Սակայն այս ամենը վերջնականապես կավարտվի մյուս ընտրություններին, քանի որ քաղաքական աղբանոցի ճանապարհ ընկած այդ ուժերը, վստահ եմ, բարեհաջող տեղ կհասնեն:








































