World Press Photo կազմակերպության լրատվական բնույթի լուսանկարների ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողն արդեն հայտնի է, սակայն աշխատանքը մանրազնին ուսումնասիրությունների տեղիք է տվել, քանի որ դրան կցել են «խարդախ կեղծիքի» պիտակ:Այս մասին հայտնում է The Independent-ը:
Մրցույթում հաղթել է Փոլ Հանսենը, ով ներկայացրել էր ողբացող պաղեստինցի տղամարդկանց լուսանկար: Նրանց ձեռքերին երկու տղաների դիակներ են: Ըստ մեկնաբանության՝ երեխանրը սպանվել են Գազայի հատվածի վրա Իսրայելի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով: extremetech.com կայքը հայտնում է, որ այն կազմված է մի քանի լուսանկարներից, այսինքն՝ կեղծ է:
Լուսանկարիչը, ով աշխատում է շվեդական Dagens Nyheter-ի համար, հերքում է մեղադրանքները: Նա հայտնել է, որ օգտվել է միայն լույսի կարգավորման տեխնիկայից: Բարձրացված աղմուկի պատճառով World Press Photo հիմնադրամը խոստացել է լուսանկարը հետագա ուսումնասիրության ենթարկել:
Անկախ փորձագետները հայտնում են, որ լուսանկարը տարբերվում է այն լուսանկարից, որը տպագրվել էր պարբերականի՝ նոյեմբերին լույս տեսած համարներից մեկում: Ոմանք էլ կարծում են, որ այն կեղծ չէ:








































