Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին պատմել է, թե ինչպես է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցասման մեջ զանգահարել է իրեն և խնդրել պարզաբանումներ՝ «անպտուղ կնոջ» հետ Եվրոպան համեմատելուց հետո։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Հաղորդվում է, որ Եվրոպայի հյուծված լինելու մասին պապի խոսքերը հնչել են 2014-ի նոյեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում։ Այդ ժամանակ նա կոշտ կերպով քննադատել էր Եվրոպական միության վիճակը՝ հայտարարելով, որ Եվրոպան թողնում է հոգնատանջ եղածի ու հյուծվածի տպավորություն։ Նա կոչ է արել Եվրոպային ազատվել վախից ու միայնությունից՝ առաջատարությունը վերածնելու համար։
Հեռախոսազրույցի ժամանակ Հռոմի պապը Մերկելին պատասխանել է, որ Եվրոպան, միևնույն է, կարող է երեխաներ ունենալ, քանի որ ունի ուժեղ և խոր արմատներ։ Ֆրանցիսկոսը հավելել է, որ ամենամութ ժամանակներում Եվրոպան միշտ ապացուցել է, որ «անսպասելի ռեսուրսներ ունի»։








































