1998թ. մայիսի 14-ին Լոս Անջելեսում մահացել է երգիչ, դերասան, հեռուստաաստղ, 20-րդ դարի Ամերիկայի լեգենդ Ֆրենկ Սինատրան՝ միակ մարդը, ում անունը եռակի դրոշմվել է «Փառքի ծառուղում»: Այս մասին տեղեկանում ենք amur.info-ից:
Ֆրենկ Սինատրայի՝ իտալացի ներգաղթյալների զավակի, հոգատար հոր, ամերիկացի նախագահների ու հանցավոր աշխարհի ղեկավարների ընկերոջ, ազդեցիկ գործարարի ու սկանդալների սիրահարի երգերի տակ է մեծացել ամերիկացիների մի ողջ սերունդ: Նրան հանդիսատեսը սիրում էր ձայնի թավշե տեմբրի ու երգերի կատարման ռոմանտիկ ոճի համար:
Ֆրենկ Սինատրան ծնվել է 1915թ. դեկտեմբերի 12-ին՝ Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքում: Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին՝ Columbia Records-ում ձայնագրվելուց հետո: Առաջին ալբոմը թողարկել է 1946-ին: Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953-ին From Here to Eternity («Այստեղից մինչև հավերժություն») երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տվել նրա գործունեությանը:
1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում` Սինատրան թողարկել է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը:
1961-ին նա հիմնել է Reprise Records ձայնագրման ստուդիան: Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim): Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ` Սինատրան մտերմացել է հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում` Ջոն Քենեդու) հետ:
1965-ին Սինատրան թողարկել է իր September of My Years («Իմ տարիների սեպտեմբերը») ալբոմը: Նույն թվականին նա նկարահանվել է «Ֆրենկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը» հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է «Էմմի» մրցանակի: Սինատրայի A Man and His Music և Strangers in the Night երգերը դառնում են հաջողված հիթեր:
1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց` 1973-ին, վերսկսելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ:
Սինատրան նաև հաջողակ դերասան էր: Նա որպես գլխավոր դերակատար հանդես է եկել «Բարձր հասարակություն», «Փոլ Ջոյ» և «Քաղաքի մասին» ֆիլմերում: Նա բազմիցս արժանացել է «Գրեմմի» մրցանակների:









































