Սիրիայի հարցով միջազգային համաժողովի գումարումը մայիսի վերջից կարող է տեղափոխվել հունիսի սկիզբ՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին՝ փոխանցում է Interfax-ը:
«Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ երկրներից ներգրավված են շատ տարբեր խաղացողներ: Ինչպես երևում է, այն կտեղափոխվի, հավանաբար, հունիսի սկիզբ, սակայն հստակ ամսաթիվ ես չգիտեմ»,- ասել է Պսակին գերատեսչությունում բրիֆինգի ժամանակ:
Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդես էին եկել մայիսի վերջին նման համաժողովի անցկացման նախաձեռնությամբ:
Նա չի պատասխանել կոնֆերանսի մասնակիցների կազմի մասին լրագրողների բազմաթիվ հարցերին՝ նշելով, որ դեռևս անցկացվում է համաժողովի անցկացման նախապատրաստության գործընթաց:
Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ իրենք աշխատում են անցկացման ծրագրերի վրա, իսկ թե ով կմասնակցի՝ դեռևս որոշված չէ, սակայն իրենք կցանկանային, որպեսզի մասնակցեին առանցքային խաղացողները, և իրենք ձգտում են դրան հասնել հնարավորինս շուտ:








































