«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Երկիրս աչքի առաջ ետ է գլորվում: Թողնենք մայիսի 5-ի ընտրությունները՝ դրա մասին շատ ենք խոսել, և այդ օրը կատարված մի շարք իրադարձություններ իսկապես դեժավյուի տպավորություն էին թողնում՝ թվում էր, վերադարձել ենք 90-ական թվականներ: Մեր օրերում տեղի ունեցող այլ իրադարձությունների անդրադառնանք, որոնք ևս խորքում ետընթացի մասին են վկայում:
Ահա վրդովված մտավորականների նամակը Սերժ Սարգսյանին՝ արգելեք «Անուշի» նոր մեկնաբանությունը և վռնդեք Թումանյանի ու Տիգրանյանի վրա ձեռք բարձրացրած «հրոսակներին»: Թեև թվում էր՝ կոլեկտիվ դատապարտումների ժամանակները վաղուց են անցել: Երևան է ժամանել բռնապետական երկրի առաջնորդը, և նրան այնպես են ընդունում, կարծես ազատության և առաջադիմության ջահն է բերել Հայաստան: Վաղը նոր եկեղեցի է օծվելու Կոտայքի մարզում. մինչ աշխարհը գիտական ու կրթական օջախներ է կառուցում, գերժամանակակից արտադրություններ հիմնում, օդանավակայաններ ու արագընթաց մայրուղիներ գցում, մենք մեր նախապապերի ոգով եկեղեցիներ ենք շինում:
Ազատության հրապարակում նստացույց են անում նախկին ազատամարտիկները՝ 90-ականներին կռված տղերքը: Մի վկայություն ևս մեր հին մտածողության. սոցիալական պահանջները պետք է քողարկված լինեն ազգային-հայրենասիրական շղարշի ներքո, հակառակ դեպքում հանրությունը չի հասկանա: Անցյալից ոչ մի կերպ չենք կարողանում հրաժարվել: Մեզ համար մեր պատմությունն ու պատմական անցքերն այնքան թանկ ու նվիրական են, այնքան վառ ու կենդանի, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքում:
Ահա՝ լրատվամիջոցներից մեկը սկսել է հետահայաց հրապարակել 1999-ի հոկտեմբերի 27-ի ցուցմունքները, որոնք ժամանակին հրապարակվել են, քննարկվել, բայց դրանք մեզ ավելի են հետաքրքրում, քան առջևում սպասվող իրադարձությունները»:










































