ԵՊՀ-ում ուսման վարձերի բարձրացումը կազդի այս ուսումնական տարում բուհ ընդունվողների վարձաչափի վրա, իսկ նրանք, ովքեր արդեն ԵՊՀ ուսանող են, ըստ իրենց պայմանագրերի, կվճարեն նույն վարձաչափը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը փոխանցեց, որ վարձավճարների բարձրացումը, իր կարծիով, չի ազդի բուհ ընդունվողների թվի վրա, և ինչպես ցույց են տվել իրենց հետազոտությունները, երբևէ չի էլ ազդել. «Այդ գումարները ուղղվելու են աշխատողների աշխատավարձերին, որը ենթադրում է կրթության որոշակի բարելավում։ Եվ հենց դա էր ստիպում, որ մենք ավելի շատ ծախս կատարենք, և դրա արդյունքում վարձավճարները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին այս տարի»:
ԵՊՀ-ում վարձավճարն այսուհետ կկազմի 400-800 հազար դրամ, և ինչպես փաստեց մեր զրուցակիցն, այն ֆակուլտետներում, որտեղ մասնագիտությունն ավելի մրցունակ է, վարձավճարն ավելի թանկ կլինի:
«Առաջին լրատվական»-ը բուհի տարածքում զրուցեց նաև ուսանողների հետ, ովքեր փաստեցին, որ վարձերի թանկացումը կազդի ուսանողների վրա, մանավանդ նրանց, ովքեր այսպես թե այնպես ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ այն հարցին, թե վարձերի բարձրացումը ԵՊՀ-ի կրթական ոլորտի վրա դրական ազդեցություն կունենա՞, ուսանողները համոզված պատասխանեցին, որ ինչպես կա, այդպես էլ կմնա. սովորողը կսովորի, չսովորողը՝ ոչ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































