Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հաջողությամբ իրականացրել է հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Կալպե բնակավայրում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր հանցագործներից մեկը՝ հաղորդում է Metro-ն:
Կողոպուտի ու փախուստի մեջ կասկածվող Էնդրյու Մորանը թաքնվել էր Պիրենեյան թերակղզում՝ սեփական առանձնատանը: Ձերբակալման պահին նա արևայրուք էր ընդունում ընկերուհու հետ:
Սոլֆորդի 31-ամյա բնակչի անունը ներառված էր ամենափնտրվող հանցագործների ցանկում, որը կազմել է Բրիտանիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծառայությունը՝ հայտնում է The Independent-ը:
Մորանը ձերբակալվելիս դիմադրություն է ցուց տվել ու փորձել է փախչել: Ոստիկանությունը հրապարակել է այդ պահը ֆիքսած տեսանյութը:
Խուզարկության արդյունքում առգրավվել են 2 ատրճանակ, 60 փամփուշտ, մաչետե ու մի քանի բջջային՝ հաղորդում է Levante-EMV-ն:
Ինչպես հետևում է քրեական գործից, Էնդրյու Մորանն ու նրա համախոհ Սթիվեն Դևալդան 2005թ. թալանել էին Լանկաշիրում Թագավորական փոստային ծառայության անվտանգության աշխատակիցներին: Հանցագործները գողացել էին 39 հազար դոլար՝ հաղորդում է BBC-ն:
2009թ. տեղի ունեցավ դատ, որի ժամանակ Մորանին հաջողվեց փախչել:
Տղամարդը փոխել էր իր արտաքինն ու օգտագործել կեղծ փաստաթղթեր, սակայն մի քանի տարի անց, այնուամենայնիվ, իրավապահները կարողացան նրան բռնել:
Այսօր Իսպանիայի դատարանը կորոշի բրիտանացուն արտահանձնելու հարցը:











































