Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել իշխանությանը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Մեկ տարում տեղի ունեցած բոլոր ընտրություններն ապացուցեցին, որ Հայաստանի բնակչությունը վստահում է գործող իշխանություններին: Դա էլ իր հերթին իշխանություններին ավելի լայն գործունեություն ծավալելու մեծ շանսեր է տալիս»,- ասաց նա:
Ա. Զաքարյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները մնում են ուժի մեջ, և իրենք շարունակելու են անել ամեն ինչ՝ դրանք լուծելու համար. «Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացը, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված գործընթացը՝ հասնելու միջազգային ճանաչման, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ կապված խնդիրներ: Պետք է կարողանանք խիստ հաշվարկած քաղաքականություն վարել տարածաշրջանում»:
Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ դրանք գործող իշխանությանը լուրջ հակակշիռ լինել չեն կարողանում. «Մեր ընտրական համակարգում ընդդիմություն- իշխանություն հարաբերությունները, որպես կանոն, առաջնորդվում են միակողմանի մեղադրանքով, բայց այդ հայտարարությունները ստուգելու և դրան անդրադառնալու հնարավորություն տրվում է. իրականացվել է վերահաշվարկ, ինչի ընթացքում ավելացան հենց Հանրապետականի ձայները»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Բանախոսի գնահատմամբ՝ առկա է կայուն էլեկտորատ հասկացություն՝ մարդիկ, որոնք մշտապես քվեարկում են ընդդիմության կամ իշխանության օգտին, և մարդիկ, որոնք վերջին պահին են կողմնորոշվում. «Ծանրութեթև անելով քաղաքական ուժերի ծրագրերը և առկա մարտահրավերները՝ մարդիկ, որպես կանոն, ճիշտ որոշում են կայացնում և քվեարկում են իշխանության օգտին: Իսկ մեր ընդդիմադիր հատվածը լուրջ հակակշիռ լինել չի կարողանում՝ ես դա բազմիցս եմ ասել»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































