«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիաբանկ ՓԲԸ
Վճարային գործիքների և Էսքրոու հաշիվներով գործառնությունների բաժնի ղեկավար Լուսինե Բալասանյանը:
Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հրապարակվող TFP ամսագրի վերջին համարում հրապարակվեցին Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթի 2012թ. արդյունքները: Երեք ոսկե մրցանակակիրների շարքում էր նաև Ամերիաբանկի ներկայացուցիչը` հանձինս Ձեզ: Մենք ուրախ ենք, որ մեր հայրենակիցը հաղթող է ճանաչվել նման հեղինակավոր կառույցի կողմից հայտարարված մրցույթում: Շնորհավորում ենք այդ հաղթանակի կապակցությամբ և խնդրում ներկայացնել մրցույթի մանրամասները և ինչպե ՞ս որոշեցիք մասնակցել այդ մրցույթին:
2012թ. ընթացքում ՎԶԵԲ-ը առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում թողարկում էր տարբեր խնդիրներ, որոնք հրատարակվում էին ՎԶԵԲ-ի մասնագիտական պարբերականում`«Trade Finance Clinic» վերնագրով: Աշխահի տարբեր երկրներից առևտրի ֆինանսավորման մասնագետները ներկայացնում էին իրենց մասնագիտական տեսակետը, խնդիրներին առաջարկում լուծումներ: Բոլոր բարձրացված խնդիրներն առընչվում էին աշխատանքային պրոցեսում հանդիպող իրավիճակներին, դրանք արդիական էին և հետաքրքիր առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող յուրաքանչյուր մասնագետի համար: Մրցույթը հենվում է միջազգային մասնագիտական փորձի և գործելակարգի վրա: Առաջադրված խնդիրերի ուսումնասիրումը հնարավորություն է ընձեռում խորացնել ու զարգացնել մասնագիտական գիտելիքները:
2012թ. արդյունքներով աշխարհի շուրջ 16 երկրների 66 մասնակիցներից ընտրվեցին լավագույն արդյունք ապահոված մասնակիցները, որոնք արժանացան Առևտրի ֆինանսավորման ծրագրի` EBRD TFP հատուկ պարգևների` ոսկե, արծաթե և բրոնզե, ՎԶԵԲ-ի պարբերականի կողմից ինձ շնորհվեց 2012թ. ոսկե հաղթող` TFP GOLD WINNER մրցանակը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցությունը մասնագիտական կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ տվեց:
Այս մրցաշարը խորհրդանշական է այն առումով, որ մրցույթի ներդրման առաջին տարին էր:
Ինչ վերաբերում է մասնակցությանը, ասեմ, որ Ամերիաբանկը մշտապես խրախուսում է աշխատակիցների մասնագիտական աճը, աշխատելով նման կառույցում, որ ագրեսիվ զարգացման ուղի ունի, հնարավոր չէ որպես մասնագետ տեղում դոփել, առանց շարունակական մասնագիտական աճի թիմում չես կարող քեզ վստահ զգալ: Սա լավ հնարավորություն էր սեփական ուժերը փորձելու, միջազգային պրակտիկայում գործող նոր մոտեցումներին ծանոթանալու, ոչ ստանդարտ իրավիճակները գնահատելու հմտություններ ձեռք բերելու համար:
Դուք երբևէ մասնակցե ՞լ եք այլ մրցույթների, թե՞ սա Ձեր առաջին փորձն էր:
Այս հաղթանակը շարունակությունն էր այն հաջողության, որ ես ունեցա 2011 թվականին` մասնակցելով ՎԶԵԲ-ի և Առևտրի Միջազգային Պալատի համատեղ կազմակերպված առևտրի ֆինանսավորման առցանց դասընթացին: Շնորհակալ եմ ՎԶԵԲ-ին այդ հնարավորության համար, շնորհիվ Ամերիաբանկի հետ ունեցած կայուն և փոխշահավետ համագործակցության` ՎԶԵԲ-ն առաջարկեց մասնակցել մասնագիտական այդ բարձրակարգ դասընթացին, որը վարում էին Առևտրի Միջազգային Պալատի հեղինակավոր մասնագետները` ներկայացնելով միջազգային փորձի կարևոր սկզբունքները և համաշխարհային պրակտիկայի նորույթները: Ձեռք բերեցի միջազգային մասնագետի որակավորում` Առևտրի Միջազգային Պալատի կողմից ստանալով հավաստագրեր միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների գործելակարգի, միջազգային առևտրային կանոնների և առևտրային գործարքներում շրջակա միջավայրի պահպանման և սոցիալական պատասխանատվության գծով:
Որպես ոլորտի մասնագետ ինչպե՞ս եք գնահատում առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը Հայաստանում: Գաղտնիք չէ, որ հաճախ առևտրի ֆինանսավորման նպատակով բանկ են դիմում հիմնականում վարկեր ստանալու համար: Եվ ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել Ամերիաբանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում` որպես այդ ոլորտի առաջատարներից մեկը:
Նախ ասեմ, որ մինչ 2008-2009թթ. տնտեսական ճգնաժամը, համաշխարհային պրակտիկայում միջազգային առևտրի հիմնական մասը` 75-80%-ն իրականացվում էր կանխավճարներով ու բաց հաշիվներով և միայն 20-25%-ը` բանկերի առևտրի ֆինանսավորման հատուկ գործիքների կիրառմամբ: Մինչդեռ ճգնաժամի ժամանակ գործարար միջավայրում առկա ռիսկերն առավել մեծ ուշադրության արժանացան և նպաստեցին առևտրի ֆինանսավորման գործիքներով` ակրեդիտիվներով և երաշխիքներով իրականացվող գործարքների աճին, և արդյունքում այդ գործիքներով իրականացվող գործարքների տեղակարար կշիռը հասավ 35-40%-ի:
Հայաստանյան գործարարները ներմուծման և արտահանման իրենց գործարքների համար հիմնականում դիմում են բանկերին ավանդական վարկերի ստացման համար: Սակայն որքան բարձրանում է գործարարների իրազեկվածությունը, որքան նրանք ֆինանսավորմանն առընչվող խորհրդատվական հարցերով ավելի շատ են բանկերին դիմում, այնքան մեծանում է նրանց պահանջարկը առևտրի ֆինանսավորման ներկայացված գործիքների նկատմամբ: Հայաստանի բանկային համակարգը բավականին երիտասարդ է առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառման ոլորտում: Գործարարները սկսում են ընտելանալ ֆինանսավորման այդ գործիքների օգտագործմանը և գնահատել դրանց առավելությունները: Միջազգային առևտրում ներգրավված գործարարների համար առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը նախընտրելի է միջսահմանային գործարքների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, այս մեծ առավելությունն էլ տարեցտարի ընդլայնում է ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նկատմամբ պահանջարկը:
Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է, ուստի միջազգային առևտրային գործիքների կիրառումը զարգացման մեծ հնարավորություններ ունի մեր շուկայում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարկային ներդրումներն ըստ տնտեսության ճյուղերի դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ տնտեսության ճյուղերից առաջատարն առևտուրն է, դրան հաջորդում է արդյունաբերությունը: Եվ այս ոլորտների ֆինանսավորման համար այսօր առկա են այնպիսի գործիքներ, որոնք նվազագույնի կհասցնեն միջազգային գործարքներում առկա ռիսկերը:
Ամերիաբանկը Հայաստանում առաջատարներից է առևտրի ֆինանսավորման գարծարքներով, ծավալներն աճում են աննախադեպ տեմպերով, մասնավորապես 2012թ. վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 151 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 75%-ով: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի կողմից ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 90%-ով` 31.03.2013թ. դրությամբ կազմելով 49 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում, ակրեդիտիվների ծավալն աճել է 115%-ով, իսկ բանկային երաշխիքներինը` 56%-ով:
Ի դեպ, ֆինանսավորման հիմնական մասն ուղղվել է արդյունաբերական և վերամշակող գործարանների համար ներմուծվող սարքավորումների ձեռքբերմանը: Ակնհայտ է դառնում, որ Հայաստանում սկսում է առավել զարգանալ արդյունաբերությունն ու վերամշակման արտադրությունը, ինչը ենթադրում է և տնտեսության հետագա զարգացում, զբաղվածության մակարդակի բարձրացում:
Անհրաժեշտ եմ համարում նշել առևտրի ֆինանսավորման ոլորտում միջազգային ֆինանսական կառույցների դերը: Երբ ճգնաժամից հետո միջազգային շուկայում բարձրացան վարկավորման տոկոսադրույքները, խստացան դրանց տրամադրման պայմանները, առավել կարևորվեց միջազգային ֆինանսական կառույցների դերը, որոնք ապահովում են անհրաժեշտ ֆինանսավորման հասանելիությունը զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկրներում:










































