Երևանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բատկան: Այս այցելությունը բավականին հետաքրքրական է: Նախ՝ Լուկաշենկոյի հնարավոր այցի մասին Հայաստանում կարծես թե ոչ մի անգամ չի խոսվել, որևէ կերպ չի նշվել, որ Հայաստանում սպասում են Լուկաշենկոյին: Եվ այս իմաստով այցելությունը կարելի է համարել որոշակիորեն անակնկալ, ինչը նշանակում է՝ Բելառուսի նախագահի հայաստանյան այցի մասին որոշումը հապճեպ է կայացվել: Սակայն մյուս կողմից՝ հայ-բելառուսական հարաբերություններում կարծես թե չեն եղել նման զարգացումներ, որոնք կարող էին առաջացնել հապճեպ կամ անակնկալ այցելության հիմքեր:
Այս ամենի պատասխանը, սակայն, տալիս է այն, որ մայիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում բացում է իր կառուցած եկեղեցին և նաև Հայաստանում աննախադեպ չափերի ժամանցի կենտրոնը: Իսկ Բատկան, ինչպես հայտնի է, Հայաստանում «ընդդիմադիր» օլիգարխի ընկերն է, կարելի է ասել՝ նույնիսկ բիզնես-գործընկերը, որը մասնակցելու է եկեղեցու բացմանը և, անկասկած, նաև ժամանցի կենտրոնի բացմանը, պարզապես այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել՝ այսպես ասած, պաշտոնական էթիկայից ելնելով:
Ու քանի որ Լուկաշենկոն գալու էր Հայաստան՝ մասնակցելու իր ընկերոջ օբյեկտի բացմանը, երևի թե որոշվել է այդ այցելությանը պաշտոնական բնույթ տալ: Սակայն այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու Լուկաշենկոն չի համաձայնել ոչ պաշտոնական, այսպես ասած՝ մասնավոր այցի տարբերակին, առավել ևս, որ նա առաջին անգամ չէ մասնավոր այցով գալիս Հայաստան: Լուկաշենկոն Հայաստանում դահուկ է քշել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Բատկան համարել է, որ մի բան է մասնավոր այցով դահուկ քշել պաշտոնաթող Քոչարյանի հետ, մեկ այլ բան՝ մասնավոր այցով մասնակցել շատ ավելի ցածր կարգավիճակ ունեցող և երևանյան ընտրություններից հետո քաղաքականապես առավել արժեզրկված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումներին, առավել ևս՝ հրապարակային միջոցառումներին:
Ահա այս առումով Լուկաշենկոն պաշտոնական փաթեթավորում է պահանջել իր այցին: Իսկ հարցն էլ, բնականաբար, կարող էր լուծվել Սերժ Սարգսյանի միջոցով: Եվ այստեղ հետաքրքրականը այն է, թե Սերժ Սարգսյանն ինչ օգուտ է ստացել Ծառուկյանի և Լուկաշենկոյի համար այդ հարցը լուծելուց, և ո՞վ է, այսպես ասած, վճարել այդ գինը՝ Ծառուկյա՞նը, թե՞ Լուկաշենկոն: Բնականաբար, հարց է նաև, թե ինչով են վճարել:
Տրամաբանությունը հուշում է, որ ամենաշահագրգռված անձը պետք է լինի Ծառուկյանը, քանի որ Լուկաշենկոյի համար հազիվ թե էական նշանակություն ունենար Աբովյանում եկեղեցու կամ կազինոյի բացմանը մասնակցելը: Իսկ Գագիկ Ծառուկյանին ներկայացուցչականությունը շատ է անհրաժեշտ՝ Երևանի ընտրություններում սասանված հեղինակությունը վերականգնելու համար, թեև, իհարկե, հին ու բարի հայկական ասացվածքը հուշում է՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու: Լուկաշենկոն աշխարհում մնացած բռնապետներից մեկն է, և այս առումով դժվար է պատկերացնել, որ նրա հետ ընկերությունը կարող է որևէ գործչի համար քաղաքական հեղինակություն բարձրացնել:
Այս առումով հետաքրքրական է մեկ այլ բան, որ արարողակարգի միջոցով կարծես փորձել է անել Սերժ Սարգսյանը: Նա Լուկաշենկոյին դիմավորելու արարողությանը, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը, ուղարկել է Արթուր Բաղդասարյանին՝ կարծես թե ակնարկելով, որ երևանյան ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ըստ էության հայտնվել է նույն վիճակում՝ քաղաքական հեղինակության առումով, ինչում Բաղդասարյանը՝ 2008 թվականից հետո: Ու նաև հետաքրքրական էր Էդուարդ Շարմազանովի ներկայությունը դիմավորող պատվիրակության գլխում՝ նկատի ունենալով այն, որ Շարմազանովն էր ՀՀԿ-ից ԲՀԿ-ին հասցեագրվող սուր և կոշտ պատասխանների հիմնական խոսափողը: Այս տեսանկյունից էլ հատկանշական է, որ Ծառուկյանը Արթուր Բաղդասարյանի ու Շարմազանովի հետ միասին դիմավորում է Լուկաշենկոյին:
Սակայն ամենամեծ և ցավալի իրողությունն ու խնդիրն այն է, որ այս ամենը՝ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի ներքին հարաբերությունները կամ նրանց ընկերական նախասիրությունները այլ երկրների առաջնորդների հանդեպ պարզաբանվում են և սպասարկվում պետության, պետական ինստիտուտների գործունեության և Հայաստանի Հանրապետության անունից տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ՝ պետությունը դարձնելով ներիշխանական ռազբորկաների կամ էլ անձնական հարաբերությունների գործիք:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































