Վրաստանի ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:
«Մտածում եմ, որպես անկախ թեկնածու, առաջադրել իմ թեկնածությունը, սակայն դրա համար ինձ ժողովրդի իրական աջակցությունն է հարկավոր»,- հայտարարել է Զուրաբիշվիլին կիրակի օրը Փոթիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ նոր նախագահը ժողովրդի կողմից պետք է ընտրվի, այլ ոչ թե նշանակվի որևէ քաղաքական խմբի կամ թիմի կողմից:
«Վրաստանն այժմ այնպիսի ժամանակաշրջան է թևակոխում, երբ նախագահը պետք է ոչ թե որևէ մեկի կողմից նշանակվի, այլ անկախ և ազատ լինի իր գործողությունների մեջ և ենթարկվի միայն ժողովրդին»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ինչպես տեղեկացվում էր, Զուրաբիշվիլին «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից Վրաստանի նախագահի ամենահավանական թեկնածուն էր համարվում, սակայն վարչապետ Իվանիշվիլին շաբաթ օրը Գեորգի Մարգվելաշվիլիին հայտարարել է որպես «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրված թեկնածու:
Նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը դեռ չի հայտարարել:







































