Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է, որ ամերիկահայ տարեց ամուսիններ Արա և Սալբի Սահակյաններն անանուն սպառնալից նամակ են ստացել:
Բոսթոնի մարաթոնի ահաբեկչության օրերին նորություններով պարբերաբար հաղորդում էին, որ ահաբեկչության մեջ կասկածվող Ցարնաևների հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եղբայրների հայացքների ծայրահեղականացմանը նպաստել է Միշա անունով մի հայ:
Տարեց ամուսինները փաստորեն ստացել են նամակ՝ մեջը ահաբեկչության վերաբերյալ տպագիր մի հոդված, որում ընդգծված է եղել հայազգի Միշայի անունը և այդ ընդգծված տողերի կողքին ձեռագրով գրված է եղել Another Armenian Bastard, որը թարգմանաբար նշանակում է «ևս մի հայ սրիկա»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշեց, որ նամակը ստացողները 80-անց ամուսիններ են, ովքեր երբևիցե Միշա անունով այդ մարդուն չեն ճանաչել և հետևաբար նրա հետ որևէ առնչություն չեն ունեցել։ «Հայտնի չէ, թե ինչի համար են ուղարկել այդ նամակը, և ով է ուղարկել; Իրենք շատ մտահոգ և վախեցած են հիմա: Նրանք շատ բարի մարդիկ են, Մերիլենդի բնակիչներ են, Բաթեստայի Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցու աշխարհիկ ղեկավար խորհրդի կազմում են, արդեն երկար տարիներ է՝ այստեղ են ապրում, իրենց երեխաներին այստեղ են մեծացրել։ Ամուսինն ինժեներ է։ Մի խոսքով՝ բոլորովին անհասկանալի է՝ ումից և ինչու պետք է նման գրությամբ նամակ հենց իրենք ստանային»,- ասաց Արամ Համբարյանը:
Նա հավելեց, որ ամուսինների որդին դիմել է ոստիկանություն, և այս պահին փորձում են պարզել կա՞ այդտեղ հանցանք, թե՞ ոչ, որից հետո կապահովվի ամուսինների անվտանգությունը:
Ա․ Համբարյանի խոսքերով՝ այս իրադարձությունն արդեն իսկ ԱՄՆ-ում լայն արձագանք է գտել, և շատ տեղական լրատվամիջոցներ այդ մասին արդեն տեղեկատվություն են տարածել:
Հայ դատի հանձնախումբն իր հերթին կոչ է անում ոստիկանությանը լիարժեք հետաքննել և պատասխանատվության ենթարկել տարեց հայ ամուսիններին հակահայկական բովանդակությամբ սպառնալիքներ ուղարկողներին, ինչպես նաև դատական հետապնդման ենթարկել այն անձանց, ովքեր պատասխանատու են ազգային ատելության հողի վրա կատարված այս հանցագործության համար:











































