Թուրքիայի հարավ-արևելքում` Ռեյհանլը քաղաքում պայթյուններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված 9 անձինք Թուրքիայի քաղաքացիներ են: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
«Բոլոր ինը ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Մենք հասել ենք ամենաբարձր արդյունքների ահաբեկչության հետաքննության մեջ: Եվս մի քանի մարդ հետախուզվում է: Սակայն չեմ կարծում, որ նրանց որոնումը երկար ժամանակ կպահանջի»,- ասել է նա և ընդգծել, որ ահաբեկչության կազմակերպիչները որևէ կապ չունեն Սիրիայի ընդդիմության և սիրիացի փախստականների հետ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան նաև ահաբեկչության կազմակերպիչներից:
Նրա խոսքերով` հետաքննությունը մանրամասն ապացույցներ ունի` կապված ձերբակալվածների գործողությունների, տեղաշարժման, պայթեցված մեքենաների հետ:
Հիշեցնենք, որ Ռեյհանլը քաղաքում ականապատ մեքենաների պայթելու հետևանքով զոհվել է 46, վիրավորվել՝ 155 մարդ, որոնցից 24-ի վիճակը ծանր է:










































