Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է իր հարյուրավոր քաղաքացիների ուղարկել Չինաստան՝ արտադրության մեջ աշխատելու: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեան այս առաջարկը ուղարկել է սահմանային Լյաոնին նահանգում տեղակայված ընկերությանը, երբ հայտնի է դարձել, որ Հարավային Կորեայի հետ Քեսոն արտադրական գոտում աշխատանքը դադարեցնելը անխուսափելի է:
Ընկերությանն ուղղված փաստաթղթում ասվում է, որ «հարյուրավոր աշխատակիցներ» ստացել են ելքի թույլտվություն, ու նրանցից շատերը պատրաստ են հեռանալ:
Փխենյանը պայմաններ է ներկայացրել՝ աշխատակիցներին ապահովելու հանրակացարանով, որտեղ հնարավոր կլիներ հետևել հյուսիսկորեացի քաղաքացիների տեղաշարժին:
«Չինական ձեռնարկությունները ձգտում են ներգրավել հյուսիսկորեացի աշխատակիցներին, քանի որ նրանք էժան ու փորձառու աշխատուժ են»,- ասել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցերով կոալիցիայի ղեկավարը:








































