Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, որը վաղուց հետ է կանչվել Դամասկոսից և այնտեղ պերսոնա նոն գրատա հայտարարվել, կրկին ժամանել է հանրապետության տարածք, որտեղ հանդիպել է Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսի հետ: Ինչպես ուրբաթ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը, նրանց հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ թուրք-սիրիական սահմանի շրջանում, և ամերիկացի դիվանագետը մի քանի մետր խորացել է Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վենտրելի խոսքով՝ Ֆորդը ժամանել է այնտեղ Թուրքիայի միջոցով և մասնակցել ապստամբներին ԱՄՆ զինված ուժերի պահեստներից 52 հազարի մթերաբաժնի փոխանցմանը:
Պետդեպի ներկայացուցիչը հստակեցրել է, որ սահմանի անցման ժամանակ նա քննարկելէ իրադրությունը Սիրիայի ազատ բանակի հրամանատարության և այլ սիրիացիների հետ: Նա հավելել է, որ Իդրիսից բացի՝ հանդիպմանը մասնակցել է ապստամբների ևս մեկ հրամանատար, որը պատասխանատու է Հալեպի շրջանում և երկրի հյուսիսում ռազմական գործողությունների համար:
Վենտրելը նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, Ֆորդին համարում է Դամասկոսում իր դեսպանը: Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում, սակայն ԱՄՆ-ը պաշտոնապես չի խզել երկկողմ հարաբերությունները Սիրիայի հետ, իսկ նրանց շահերը Սիրիայում ներկայացնում են չեխ դիվանագետները:








































